«Արտահերթ ընտրությունների գնալու կառավարության նախապայմանը հուշագիրն է». Էդմոն Մարուքյան

«Կարող եմ ասել, որ որոշակի իմաստով բանակցություններ վարել ենք, և ըստ էության վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ: Բայց մենք ենք կապում, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև Գլխավոր շտաբի խնդիրը»,- Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Վերջինիս խոսքով՝ այս պահին իրենք Նիկոլ Փաշինյանի հետ չունեն համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ:

«Որքան հասկանում եմ, կլինի նաև հանդիպում մեր գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև միայն մեր դիրքորոշմամբ պրոցեսները չեն կարող առաջ գնալ, և Խորհրդարանը չի կարող ցրվել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ըստ ԼՀԿ խմբակցության ղեկավարի՝ երբ պարզ կլինի ԲՀԿ-ի դիրքորոշումը, ենթադրաբար, նորից կլինեն բանակցություններ: Նա նորից նշեց, որ այս պահին համաձայնություն չկա, բայց այն, որ պետք է խոսել, ճանապարհներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար, այս հարցում կա հասկացվածություն:

Հարցին, թե ինչո՞ւ չեղավ համաձայնություն, Էդմոն Մարուքյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը երկու հարցը իրար հետ չի կապում, այնինչ իրենց համար հակառակն է:

«Ես կարծում եմ՝ պետք է շարունակել խոսել: Ամենակարևոր հանգամանքը հետևյալն է, որ ես շատ եմ մտահոգված ԶՈՒ Գլխավոր շտաբի և կառավարության միջև ստեղծված իրավիճակով: Ինքս էլ միշտ ասել եմ՝ Զինված ուժերը որևէ ձևով չպետք է քաղաքականացվեն: Եվ ես ասում էի՝ եկեք Զինված ուժերը թողնենք իր տեղում, գնանք ընտրությունների: Մնացածը կորոշենք ընտրություններից հետո: Այստեղ ընտրություններն ամենահիմնարար խնդիր լուծող հարցն է, որովհետև եթե երկրում արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենում, իսկ մենք ուզում ենք, որ դա օր առաջ լինի, մենք չենք կարող այս ճգնաժամից դուրս գալ: Ես որևէ այլ ճանապարհ չեմ տեսնում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

ԱԺ պատգամավորն արձանագրում է՝ կա կամք՝ շարունակել բանակցությունները, և իրենք ու Նիկոլ Փաշինյանն այդ կամքն ունեն, իսկ ԲՀԿ-ի կամքը կտեսնեն հետագայում, որից հետո կշարունակեն խոսել:

«էս պահին պայմանավորվեցինք, որ կլսենք նաև «Բարգավաճ Հայաստանին», այնուհետ կշարունակենք: Որովհետև եթե մենք հրաժարվենք վարչապետի թեկնածու առաջադրելուց, իսկ ԲՀԿ-ն չհրաժարվի, Խորհրդարանը չի ցրվի: Ես առանց Գլխավոր շտաբի պետի խնդիրը լուծելու՝ չեմ պատկերացնում արտահերթ ընտրություններ, բայց ուզում եմ արտահերթ ընտրություններ: Դրա համար առաջարկում էի կոնսենսուսի գալ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք բանակցությունների երկրորդ փուլում հրաժարվել իր նախապայմանից, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ չգիտի՝ ինչ կունենա այդ 2-րդ փուլում:

«Ես հույս ունեմ, որ թե իշխանությունը, թե Զինված ուժերը, թե փողոցում քայլող մարդիկ կունենան իմաստնություն: Խոսքը ուժ ունի, եկեք չմտածենք, որ արհավիրք լինի, նոր գնանք բանակցությունների: Ես հույս ունեմ, որ ինչ-որ ձևով ինչ-որ ճանապարհ գտնելու ենք: Ես չգիտեմ՝ այդ ճանապարհը ոնց կգտնենք, բայց որ ես պատրաստ եմ այդ ճանապարհը գտնել, այդ կամքը կա, հաստատ է: Ես հույս ունեմ, որ իմ ներկայացրած խնդիրների վերաբերյալ վարչապետը կմտածի»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:

Հարցին էլ, թե Նիկոլ Փաշինյանն արդյո՞ք իրեն ներկայացրեց ապացույցներ, որ Օնիկ Գասպարյանը գործել է Սերժ Սարգսյանի հրահանգով՝ Էդմոն Մարուքանն ասաց, որ ինքը հարցը հրապարակային է հնչեցրել և հրապարակային պատասխանի էլ սպասում է, ու չի ուզում, որ այդ ապացույցներն անձամբ իրեն ներկայացնեն:

Վերջում Էդմոն Մարուքյանը նշեց, որ արտահերթի գնալու կառավարության նախապայմանը հուշագիրն է:

 

Տեսանյութեր

Լրահոս