«Խափանման միջոցը կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին, որը, բնականաբար, բողոքարկվելու է»․ Արամ Վարդևանյան
«Պրիմիտիվ քաղաքական հետապնդման հետ գործ ունենք»,- «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ Քննչական կոմիտեից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ գործ ունեն մի քանի քաղաքական հայտարարություններ իբրև Քրեական օրենսգրքի հետ առնչության մեջ դիտարկելու՝ Քննչական կոմիտեի մի փորձի հետ, որը, պարզ է՝ պատվեր է պարզապես․
«Խոսքերից մեկը վերաբերում էր պլան Ա, պլան Բ-ին։ Պարզ է, չէ՞, որ եթե պլան Բ-ին ուղղված կոչ լիներ, ապա պլան Բ-ի իրացումը կտեսնեինք։ Խոսվում է, որ, երբ պատգամավորների վերաբերյալ մի քանի հայտարարություններ էին հնչել հանրահավաքի ժամանակ, դա պետք է դիտարկվի 2018 թվականի ապրիլ-մայիս իրադարձությունների հետ ուղղակի կապի մեջ։ Եթե մեր Քննչական կոմիտեն, դատախազությունը թույլատրելի է համարել՝ սև լենտեր փակցնելը, դագաղներ տանելը ՀՀԿ պատգմավորների մոտ, ապա տվյալ դեպքում Վազգեն Մանուկյանի հայտարարությունը դրանից տասնապատիկ ավելի նվազ է, որովհետև խոսքը գնում է հանրային պարսավանքի մասին։ Այո՛, հանրային պարսավանքի պետք է արժանանան այն քաղաքական գործիչները, որոնք առնչություն ունեն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի հետ… Խափանման միջոցը կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին, որը, բնականաբար, բողոքարկվելու է, բոլոր հնարավոր քրեադատավարական գործիքներով արձագանքելու ենք այս իրավիճակին, ընթացքը տալու ենք…»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞վ կարող էր նման պատվեր տալ, ինչին Վարդևանյանը պատասխանեց, որ քաղաքական պատվեր կարող են տալ քաղաքական իշխանությունները․
«Դա պետք է լինի ՀՀ վարչապետի և իր մերձավոր շրջապատի կողմից, այսինքն՝ Ազգային ժողովի ներկայացուցիչներ և կառավարության, երկրորդ կարծիք չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում