234 միլիոն դրամ կհատկացվի Տավուշի մարզպետարանին. Փաշինյանի մատնանշած պուրակը վերաջապես կկառուցվի
Այսօր Կառավարության նիստի ընթացքում գործադիրը հավանություն տվեց պետական բյուջեում վերաբաշխում կատարելու նախագծին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ այս նախագծով առաջարկվում է Տավուշի մարզպետարանին տրամադրել 234 մլն 228 հազար դրամ:
«Որից 29.7 մլն դրամը կտրամադրվի Բերդի համայնքի Չինարի գյուղում բնակելի տան օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման աշխատանքների համար՝ 42.8 մլն դրամ, և 89 տների վերականգնման աշխատանքների իրականացման, այն է՝ ավարտման համար՝ 161.6 մլն դրամ: Պարոն վարչապետ, նշեմ, որ սա վերաբերում է Կառավարության նախորդող նիստերից մեկի ժամանակ բարձրացված հարցին, խոսքը վերաբերում է Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման աշխատանքներին: Իհարկե, նախագծման և հիմնական շինարարական աշխատանքների իրականացումը տեղի է ունեցել մարզպետարանի և Քաղաքաշինության կոմիտեի կողմից, բայց կան մի քանի պարզաբանման հարցեր, որոնք բարձրացվեցին նախորդ անգամ»:
Նիկոլ Փաշինյանին վստահեցրին, որ պուրակի կառուցման աշխատանքները կավարտվեն մինչև տարվա վերջ, դրա կառուցման համար հնարավոր չի եղել հոկտեմբերին գումար հատկացնել, քանի որ երկրում պատերազմ էր: