Դատախազությունն իր գրած տեքստի փոխարեն կարող էր ընդամենը գրել՝ լավ ենք անում՝ չենք տրամադրում տեղեկատվություն
Արցախյան վերջին պատերազմից հետո բազմաթիվ ահազանգեր եղան, որ առաջնագծի համար օգնություն ուղարկված բեռների որոշ ապրանքներ հայտնվել են վաճառքի օնլայն հարթակներում. օրինակ՝ զինվորական զրահաբաճկոններ, քնապարկեր, հեռադիտակներ և այլ պարագաներ։ Սոցիալական ցանցերում ու մամուլում ակտիվ քննարկվող այս թեման հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում, և այդ տեղեկությունները ստուգելու հանձնարարությամբ՝ Զինվորական դատախազությունից դրանք ուղարկվել էին ՊՆ ռազմական ոստիկանություն։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այդ առնչությամբ դեկտեմբերի 10-ին «Ազատություն» ռ/կ-ին ասել էր.
«Ուղարկել ենք ստուգման գործողություն իրականացնելու հանձնարարությամբ, որի ընթացքում, եթե ձեռք կբերվեն հանցավոր որոշակի դրսևորումների հատկանիշներ, քրեադատավարական կարգով ընթացակարգ կապահովվի և բավարար հիմքեր ձեռք բերելու դեպքում նաև քրեական գործ կապահովվի: Առայժմ տեղի են ունենալու ստուգողական գործողություններ»:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը վերոհիշյալ դեպքերի ու երևույթների առնչությամբ, ինչպես նաև նկատի ունենալով խնդրի բարոյական կողմի կարևորությունը՝ 168.am-ը Գլխավոր դատախազի անվամբ հարցում էր ուղարկել՝ Դատախազությունից ակնկալելով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
- Արդյո՞ք ընթացած ստուգողական գործողությունների արդյունքում հարուցվել են քրեական գործեր: Եթե այո, քանի՞սը և ՀՀ Քրեական օրենսգրքի ի՞նչ հոդվածներով:
- Կա՞ն արդյոք անձինք, ում նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել, կամ ովքեր որպես մեղադրյալ են ներգրավվել հարուցված քրեական գործերի շրջանակներում: Եթե այո, ի՞նչ խափանման միջոցներ են կիրառվել նրանց նկատմամբ:
- Ինչո՞ւ տեղեկատվություն չի տրամադրվում այս խիստ կարևոր ու թե իրավական, և թե բարոյական տեսանկյուններից զգայուն թեմայի վերաբերյալ:
Գլխավոր դատախազությունից ստացված պատասխանի մեջ նախ նշված էր, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված և 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում զինված ուժերի կարիքների համար արտերկրից որպես օգնություն ստացված բեռների որոշ ապրանքների՝ օնլայն հարթակների միջոցով հնարավոր առուվաճառքի առարկա դառնալու վերաբերյալ տեղեկությունները, որոնք ՀՀ դատախազության կողմից վեր էին հանվել ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման ընթացքում, ինչպես նաև նույն հնարավոր երևույթների վերաբերյալ ստացված այլ գրությունները ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ռազմական ոստիկանություն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով դրանցում նշված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
«Նշված միջոցառումները ներկայումս շարունակվում են, դատախազության կողմից տրվել է որոշակի ուղղություններով լրացուցիչ գործողություններ կատարելու հանձնարարություն, որոնց արդյունքները դեռևս չեն ստացվել:
Նշված ստուգողական գործողությունների արդյունքներից ելնելով՝ կորոշվի վերոնշյալ դեպքի առթիվ քրեադատավարական կարգով վարույթ հարուցելու կամ չհարուցելու հարցը»,- նշված էր գլխավոր դատախազության պատասխանի մեջ:
Գլխավոր դատախազությանը կոնկրետ 3 հարց էր ուղղված, որոնցից և ոչ մեկին պատասխան չի տրվել:
Հետաքրքիր է՝ ի՞նչ ստուգողական գործողություններ է դատախազությունը դեռ իրականացնում մեր հարցման մեջ նշված դեկտեմբերի 10-ից շուրջ 2 ամիս անց, որ մինչ այժմ չի պարզել՝ կա՞ այդ փաստերի մեջ քրեորեն հետապնդելի արարք, թե՞ ոչ:
Չկա՞ արդյոք կատարած ստուգողական գործողություններից հետո մի քիչ թե շատ շոշափելի արդյունք, որ իրավապահ այդ կառույցում հարկ համարեին հանրությանը տեղեկացնել այդ մասին:
Ի վերջո, ցավալիորեն այս վերաբերմունքը բերելու է նրան, որ այլևս անիմաստ է դառնալու որևէ հարցի պատասխանը պաշտոնական աղբյուրից ստանալը, և լրագրողները բոլոր իրավունքները կունենան առանց ճշտելու հրապարակել ցանկացած բան ու հանգել ցանկացած եզրակացման:
Գլխավոր դատախազությունը հերթական անգամ ոչինչ չասելով՝ պատասխանի իմիտացիա է ստեղծում, այնինչ իրականում հարցման մեջ գրած մեր տեքստը ձևակերպումների ոչ բովանդակային փոփոխությամբ վերադարձրել են ու ձև արել, թե պատասխանել են հարցմանը:
Իրականում դատախազությունն իր գրած տեքստի փոխարեն կարող էր ընդամենը գրել՝
- ոչ, հարուցված քրեական գործեր չկան
- ոչ, չկան անձինք, ում նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել, կամ ովքեր որպես մեղադրյալ են ներգրավվել հարուցված քրեական գործերի շրջանակներում
- լավ ենք անում՝ չենք տրամադրում տեղեկատվություն: Այդպես ենք ուզում:
Վերջում հիշեցնենք՝ հարցումն ուղարկել էինք փետրվարի 10-ին, այս «բովանդակալից» պատասխանը ստացել ենք երեկ:



