«Վերջանում է առաջին փուլը, որ մենք Նիկոլ Փաշինյանին դեն պետք է շպրտենք և սկսվում է երկորդ փուլը՝ վերականգնել մեր հայրենիքը». Վազգեն Մանուկյան

«Այս իշխանությունը արդեն հոգեվարքի մեջ է, նա փորձում է ժողովրդին ուղղել բանակի դեմ»,-Ազատության հրապարակում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ գործն արդեն ավարտվում է. «Վերջանում է առաջին փուլը, որ մենք Նիկոլ Փաշինյանին դեն պետք է շպրտենք և սկսվում է երկորդ փուլը՝ վերականգնել մեր հայրենիքը: Եվ ոնց որ միասին էինք դուրս շպրտելու մեջ, նույն կերպ միասնական պետք է լինենք երկիրը վերակառուցելու, դարձնելու արդար, հզոր Հայաստան»:

Վազգեն Մանուկյանը ողջունեց բանակին. «Այսօր բանակի և ժողովրդի միասնության օրն է: Մենք միշտ ենք միասին, բայց այսօր առավել ևս ընդգծվեց դա: Սա հեղաշրջում չէ. բանակը ունի սահմանադրական իրավունք նշել ամենակարևոր թշնամուն, որը սպառնում է ՀՀ անվտանգությանը և նա նշեց, ասաց՝ Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը այդ մարդն է, որը պետք է հեռացվի և գնա: Ես կոչ եմ անում Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, մյուս պետական կառույցներին, որ միանան բանակին, անեն նման հայտարարություն: Կոչ եմ անում նաև «Իմ քայլի» պատգամավորներին, որոնց մի մասն ընկել է ծուղակի մեջ՝ դուրս եկեք այդ ծուղակից, դուրս եկեք այդ խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեզ վրա: Միևնույն է, Նիկոլ Փաշինյանի վրա մնալու է սև բիծ, մի մարդ, որը ջարդեց մեր երկիրը և ամեն օր շարունակում է դա անել»:

Նա կոչ արեց ժողովրդին հավաքվել Ազատության հրապարակում. «Մենք պետք է վերջացնենք այն, ինչ սկսել ենք: Դիմում եմ շրջանների ժողովրդին՝ տեղերում հանրահավաքներ անեն, հավաքվեն իրենց կարծիքը ասեն, ինչքան մենք շատ լինենք, հզոր լինենք, այնքան դժվար կլինի այդ խելագարին՝ բախումներ առաջացնել: Ես համոզված եմ, որ դա չի էլ ստացվելու»:

Տեսանյութեր

Լրահոս