«Վարչապետի աթոռից կառչած անձն առավոտյան ժամը 11։30 գնալու է կառավարության 3-րդ մասնաշենք»․ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց առավոտյան շրջափակել տվյալ մասնաշենքը

«Այսօր Ազգային ժողովում մի պատգամավոր կա, հայտնի՝ ծերունի ավազակ, փորձեց մեզ և հայ ժողովրդին սպառնալ՝ ասելով՝ եթե ժողովուրդը փորձի շենքեր նվաճել, պետությունը կկրակի»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «Հայրենիքի փրկության շարժման» գործողությունների մասին հայտարարությանը, որ՝  «եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն՝ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։

Սաղաթելյանը շարունակելով միտքը՝ ասաց, որ՝ եթե կրակող էիք, այդ փամփուշտները պետք է ուղղեիք դեպի թշնամին, ոչ թե սեփական ժողովրդին, ապա ավելացրեց․

«Դուք չե՛ք կարող այս ժողովրդին սպառնալ, ձեր վզին արդեն 10.000 հայ մարդու արյուն կա, դուք պետք է հասկանաք, թե դրա տակից ինչպես եք դուրս գալու։ Մենք պինդ ենք, ամուր ենք, մեր առջև որևէ փակ դուռ չկա, որևէ փակ հրապարակ չկա և չի՛ կարող լինել։ Այսպես հերթով՝ հրապարակ առ հրապարակ, փողոց առ փողոց, ամբողջ Կենտրոն համայնքը, այնուհետև՝ ամբողջ մայրաքաղաքը և ամբողջ Հայաստանը վերցնելու ենք, պարալիզացնելու ենք ու միասին քշելու այս չարիքի կառավարությանը․․․ Մենք խաթարելու ենք հասարակական կյանքը և հասնելու ենք իշխանափոխության, որովհետև այլ տարբերակ չկա՛, քանի դեռ Նիկոլը և իր խունտան գտնվում են իշխանության, Հայաստանում կայունություն, հանգստություն, էլ ուր մնաց՝ զարգացում, չի՛ լինելու»։

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ վաղն ունեն 2 կարևոր գործողություն․

«Տեղեկություն կա, որ վարչապետի աթոռից կառչած անձն առավոտյան ժամը 11։30-ին գնալու է կառավարության 3-րդ մասնաշենք։ Կոչ եմ անում ձեզ ներկա գտնվել, մեր բողոքն ու զայրույթը հայտնել, և ինչպես պայմանավորվել ենք՝ այդ անձը մեր երկրում և քաղաքում տեղաշարժվելու իրավունք չունի։ Վաղը 11։30 եկեք կառավարության 3-րդ մասնաշենքի 2 մուտքերի մոտ՝ թույլ չտալու այդ խելագարի ազատ տեղաշարժը մեր մայրաքաղաքում։

Երեկոյան ժամը 18։30 հավաքվում ենք Հանրապետության հրապարակի մետրո կայարանում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հստակ հասցեներով տեղի է ունենալու երթ դեպի դատախազություն, այնուհետև՝ ոստիկանություն, գնալու ենք շատ հստակ կոչերով և պահանջով, եթե դատախազությունը քրեական գործ է հարուցում, փորձում է մարդկանց կեղծ մեղադրանքներ առաջադրել, այս երկրում կա մեկ դավաճան, կա այս պետությունը քայքայող մեկ անձ, որի հասցեն շատ հստակ է՝ կառավարության առաջին մասնաշենք, իսկ երեկոները՝ կառավարության ամառանոց․․․ Առավոտյան ժամը 11։30՝ կառավարության 3-րդ մասնաշենք, այնուհետև 18։30՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս