«Ռոմանոս Պետրոսյանի կինը, աներձագը, կնոջ մորքուրի տղան կառավարման խորհրդի անդամ են․ թող դպրոցների վրա գրեն «ՔՊ»-ի գրասենյակ, վերջացնեն»․ Աբովյանի դպրոցում դասադուլն ու գործադուլը շարունակվում է

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում արդեն 2 շաբաթ է՝ դասադուլն ու գործադուլը շարունակվում է, աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը դեմ են նորանշանակ տնօրենին։

Դպրոցի ուսուցիչներից Հայկ Փայտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց տվեց դատարկ դասասենյակները, ապա տեղեկացրեց, որ ուսուցչական կոլեկտիվն առավոտից դպրոցում է, սակայն գործադուլը շարունակվում է։ Նա նաև հայտնեց, որ առավոտյան նորանշանակ տնօրենը դպրոց մտնելուն պես հայտնել է, որ աշխատակիցներից մի քանիսի նկատմամբ կարգապահական տույժեր են կիրառվել։

«Առավոտյան եկավ դպրոց և մեզ տեղեկացրեց, որ կարգապահական տույժեր են կիրառվել, եթե չեմ սխալվում՝ 3 աշխատակցի նկատմամբ, որոնցից մեկը ես եմ, մյուսը՝ մեր փոխտնօրենը, իսկ երրորդը՝ մեր տնտեսվարը»,- ուղիղ եթերում ասաց դպրոցի ուսուցիչը։

168.am-ը կապ հաստատեց դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանի հետ՝  հետաքրքրվելով, թե արդյոք ԿԳՄՍ նախարարությունից արձագանք կա՞, քանի որ արդեն 2-րդ շաբաթն է՝ դպրոցում ուսումնական գործընթացը խաթարված է․

«Որևէ արձագանք բացարձակ չկա, նախարարության համար ոնց որ մենք չլինենք, ոնց որ իրենք Կոնգոյի նախարարությունն են, մենք այդ երկրից չենք, նույնիսկ չեն էլ գալիս դպրոց, որ հանդիպեն մեզ հետ, նույնիսկ չեն էլ զանգում, անհասկանալի, ֆանտաստիկ երևույթ է»։

Դիտարկմանը, որ 10 օրից ավելի է՝ Նիկոլ Փաշինյանի անունով նամակ էիք փոխանցել կառավարություն, արդյոք պատասխանե՞լ են ձեզ, Հայկ Փայտյանը բացասական պատասխան տվեց․

«Իրենք անգամ չեն էլ զանգել, ես եմ զանգել, հետաքրքրվել, պատասխանեցին՝ ձեր նամակը վերահասցեավորվել է ԿԳՄՍ նախարարություն, կպատասխանեն 1 ամսվա ընթացքում»։

Դպրոցի ուսուցիչը դժգոհեց, որ Աբովյան քաղաքի գրեթե բոլոր դպրոցների կառավարման խորհուրդներում ներգրավված են Կոտայքի նախկին մարզպետ, այժմ՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մերձավորները․

«Մեր դպրոցի  կառավարման խորհրդի կազմում մեկը նախկին մարզպետի եղբոր կինն է, մյուսը՝ կնոջ քույրը, մեկը՝ մարզպետ եղած ժամանակ իր օգնականը թե խորհրդականը, մյուսն էլի մարզպետարանի աշխատող է։ Զավեշտը ո՞րն է, որ այս մարդիկ, բացի մեր դպրոցից, պարզվում է՝ բոլոր դպրոցների կառավարման խորհուրդներում են։ Օրինակ՝ նախկին մարզպետի՝ Ռոմանոս Պետրոսյանի կինը 4-րդ դպրոցի կառավարման խորհրդի անդամ է, կնոջ մորքուրի տղային՝ աներձագին, տարել է իր մոտ աշխատակազմի ղեկավար, Աբովյանի քաղաքապետի թեկնածու էր, նրա կինը։ Այսինքն՝ Կոտայքի մարզի գրեթե բոլոր դպրոցների կառավարման խորհրդի անդամներն այս մարդու կա՛մ կինն է, կա՛մ ախպոր կինն է, կա՛մ քենին է, կա՛մ օգնականն է։ Լավ, այս եքա մարզում ուրիշ մարդիկ չկա՞ն։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարարությանը չի՞ հետաքրքրում, թե ո՞նց է լինում, որ իր ներկայացուցիչները բոլոր դպրոցներում սույն պաշտոնյայի կինն է։ Սա խայտառակություն է, թող դպրոցների վրա գրեն՝ «ՔՊ»-ի գրասենյակ ու վերջացնեն։

Դպրոցի ուսուցիչը հայտնեց, որ իրենք գործադուլը շարունակելու են այնքան ժամանակ, մինչև որ կբավարարվի իրենց արդարացի պահանջը։

168.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանի հետ, որպեսզի հասկանանք, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում ուսումնական պրոցեսը վերականգնելու համար, ինչպես նաև հասկանալու համար, թե արդյոք ուսուցչական անձնակազմի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը վերահասցեագրվե՞լ է իրենց, եթե այո, ապա ե՞րբ կլինի պատասխանը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանի հետ զրուցել էինք ուղիղ 1 շաբաթ առաջ՝ փետրվարի 10-ին, և վերջինս տեղեկացրել էր, որ պարբերաբար հանդիպումներ են ունենում ծնողների և մանկավարժական կոլեկտիվի հետ․

«Հույս ունենք, որ դպրոցը վեր կգտնվի այդ ամեն ինչից, և երեխաներին չեն խառնի որևէ քաղաքական հարցերի։ Մրցույթի ընթացակարգային առումով որևէ խախտում չի եղել, լիազոր մարմինը կայացրել է իր որոշումը, որը օրենքով սահմանված կարգով է։ Մենք գտնում ենք, որ դպրոցում ամենապատվաբեր պաշտոնը ուսուցչի պաշտոնն է, և լիահույս ենք, որ շատ արագ կկարգավորվի այդ ամենը, քանի որ մեզ համար կարևորը երեխաների կրթության իրավունքն է»։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին դպրոցի ուսուցչական անձնակազմն ակցիա էր անցկացրել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց՝ այդկերպ արտահայտելով իրենց դժգոհությունը:

Նրանք այն ժամանակ էլ էին հայտարարել, որ նորանշանակ տնօրենը Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է, և, որ իրենց համար սպասելի էր այդ նշանակումը:

Ի դեպ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր ուսուցիչների տարածած տեղեկությունը: Նա մասնավորապես գրել էր.

«Պաշտոնապես հերքում եմ նշված տեղեկությունը և հայտարարում, որ Քարմիլե Առաքելյանը ո՛չ իմ, և ո՛չ էլ իմ կնոջ հետ որևէ ընկերային, ազգակցական և բարեկամական կապ չունի»։

Տեսանյութեր

Լրահոս