«Քաղաքապետը թող պատկերացնի՝ իր ծնողը կամ երեխաներն են այդ կարգավիճակում»․ երկրաշարժից հետո հանրակացարանի բնակիչները հայտնվել են դրսում

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցք 10-րդ շենքի բնակիչներն ահազանգում են՝ շենքը վթարային է, 77 ընտանիքներից այնտեղ մնացել են 12-ը, մյուսները վերաբնակեցվել են։

168am-ի հետ զրույցում բնակիչները պատմում էին փետրվարի 13-ին երկրաշարժի ցնցումների հետևանքների մասին, ասում, որ հրաշքով են փրկվել։

«Տանն էի, որ երկրաշարժը եղավ, ուժեղ թափ տվեց, չհավատացի, որ այս շենքը կարող էր դիմանալ։ Մասնագետները եկել նայել են, ասել են՝ լավ է դրսում մնաք, քան ներս մտնեք»,- պատմեց շենքի բնակիչներից տարեց մի տղամարդ։

Մեկ այլ տղամարդ էլ պատմեց, որ շենքը ժամանակին եղել է զինվորական ուսումնարան, այնուհետև՝ Վիետնամից և Կորեայից եկած երեխաների համար ապաստարան․

«Հիմա էլ մեզ համար է կացարան դարձել։ Ահավոր ցնցում էր, մի կերպ փախել ենք դուրս, հույս չունեի, որ շենքը կմնար, բայց փառք Աստծո՝ չփլվեց մեզ վրա։ Եթե մի հատ էլ նման ձև թափ տվեց՝ այս շենքից տառը չի մնա»։

Հարցին, թե ինչո՞ւ ժամանակին շենքից դուրս չեն եկել, որպեսզի քաղաքապետարանի ծրագրով իրենք ևս վերաբնակեցվեին, քաղաքացին պատասխանեց, որ պայքարում են 2 սենյականոց բնակարանների համար, փոխարենը քաղաքապետարանից իրենց 1 սենյականոց են առաջարկել։

«Մեզ 2 սենյականոց բնակարան է հասնում, մենք ապրում ենք 2 սենյակի մեջ, ուղղակի միջնապատը հանել ենք, դարձել է մեծ սենյակ, որ հարմար լինի․․․»,- հավելեց քաղաքացին։

Շենքի բնակիչները երեխաների հետ միասին երկուշաբթի օրը գնացել էին քաղաքապետարան, նրանց ընդունել էր Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը։

Մեր նկարահանող խումբը ևս ներկա էր այդ հանդիպմանը, լսեցինք ու գրանցեցինք քաղաքացիներին հուզող հարցերը։

«Պատժում են մեզ՝ մեր հասանելիքը չտալով։ Եթե օրինական հասնում է բոլորին, ուրեմն մեզ էլ թող հաշվի առնեն՝ որպես բնակիչ, որպես ՀՀ քաղաքացիներ։ Թող քաղաքապետը, փոխքաղաքապետները պատկերացնեն՝ իրենց ծնողն է այդ կարգավիճակում, կամ իրենց երեխաներն են այդ կարգավիճակում, ո՞նց կարելի է կողմնապահություն անել՝ մի բնակչին առաջնորդել, իսկ մյուսին՝ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ նույն շենքում, բայց առանձին բնակվում է իր որդին, սկզբում երկուսին էլ առաջարկել են մեկական 1 սենյականոց բնակարան, բայց իր տան մակերեսը ավելի մեծ է և 2 սենյականոց է հասնում, չի համաձայնել ու մինչ օրս ստիպված են մնալ ավերակ շենքում և սպասել քաղաքապետարանի արձագանքին։

«Վերաբնակեցումից 1 ամիս հետո մեր փաստաթղթերը վերցրեցին, տղայիս վարձով ուղարկեցին, մինչև Սիսակյան 3 հասցեում շենքը կկառուցվեր, ինձ էլ 2 սենյականոց բնակարան հատկացնեին, ու այդ հարցը մնաց օդի մեջ, պատճեններն էլ կան այդ փաստաթղթերի․․․»,- դժգոհեց մեկ ուրիշ բնակիչ։

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները, ընդգծելով, որ թե քաղաքացիների կողմից, թե քաղաքապետարանի կողմից պետք է լինի փոխզիջում։

«Սա այն բնակարաններն են, որտեղ քաղաքապետարանը բնակչի հետ չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ, որոշ դեպքերում քաղաքապետարանը ճիշտ է, որոշ դեպքերում բնակիչներն են ճիշտ: Քաղաքապետարանը որդեգրել է մի քաղաքականություն, որ ըստ նախկին սեփականության իրավունքի վկայականների՝ պետք է բնակարաններ հատկացնի։ Ունենք բնակարաններ, որ տնային գրքույկով 13 քառակուսի մետր են, ունենք 7 քառակուսի մետր մակերեսով բնակարաններ։ Քաղաքապետարանն իմ կարծիքով՝ սկզբից չի պատկերացրել խնդրի լրջությունը և խորքային ուսումնասիրություն չի կատարել։ Կարծում եմ՝ եթե կա 3 սենյականոց բնակարան, որտեղ ապրում է մի տարեց կին, կարելի է նրան փոխհատուցել 1 կամ 2 սենյականոց բնակարան, իսկ մյուս սենյակը գումարել այն ընտանիքներին, որոնք 1 սենյակում բնակվում են 5-6 երեխայի հետ»,- ասաց Հարությունյանը։

Հարցին, թե արդյոք քաղաքապետ Հայկ Մարությանը տեղյա՞կ է առկա խնդիրներին, քանի որ այդ պահին քաղաքացիները ոչ թե նրան էին դիմել, այլ իրեն, Մարկոս Հարությունյանը պատասխանեց․

«Կարծում եմ՝ քաղաքապետն ինձնից լավ տեղյակ է բոլոր նման խնդիրներին, բայց գրությունով դիմել ենք, որ անհապաղ նիստ հրավիրեն, եթե նիստն է պատճառը այս մարդկանց բնակարաններով չապահովելու, կարելի է հենց այսօր այդ նիստը գումարել․․․»։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյա՞կ է, որ փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո, Արցախի փողոց 4-րդ նրբանցքի 10-րդ շենքի բնակիչներին արգելել են մուտք գործել շենք, ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի նրանք «դրսում» չմնան։ Հարցրեցինք նաև, թե այս 12 ընտանիքների վերաբնակեցումը ե՞րբ կլինի։

«Քաղաքապետարանը չէ արգելողը, բայց ես տեղեկություն ունեմ, որ շենք մտնելու արգելք չի եղել, չկա այդպիսի բան։ Ամեն դեպքում դուք սեյսմիկից ճշտեք դա։ Եթե իրենք ժամանակին հրաժարված չլինեին, ամենայն հավանականությամբ, ստացած կլինեին բնակարան, բայց դա չի նշանակում, որ էլ չեն ստանալու, կստանան, բայց արդեն հաջորդ փուլում։ Այդ ուղղությամբ ամենօրյա ռեժիմով աշխատանք տարվում է, ժամկետներ դժվարանում եմ նշել, բնակֆոնդի խնդիր կա, դա գաղտնիք չէ, բայց այդ հարցը հիմա քննարկման փուլում է, և առաջին իսկ հնարավորության դեպքում բնակարաններ կստանան»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց քաղաքապետի խոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս