«Մենք ամեն օր ենք երկրաշարժ ապրում». ի՞նչ իրավիճակ է վթարային շենքերում երկրաշարժից հետո

Հնարավոր չէ հիշել Երևանի ավագանու հատկապես վերջին շրջանի գեթ մեկ նիստ, որի ժամանակ չի քննարկվել վթարային շենքերի խնդիրը: Քաղաքապետ Հայկ  Մարությանն ավագանու վերջին նիստի ժամանակ վերջնականապես փակեց այս թեման՝ ասելով, որ շենքի համար պատասխանատու են նախ՝ բնակիչները, ապա՝ Կառավարությունը, իսկ Քաղաքապետարանը ո՛չ պարտականություն, ո՛չ լիազորություն, ոչ էլ ֆինանս ունի այդպիսի ծրագիր իրականացնելու համար: Չնայած այս պնդմանը, 4-րդ կարգի վթարային Արզումանյան 10 շենքում Քաղաքապետարանից վերաբնակեցման մասին խոստումներ շատ են լսել, գործողություններ, սակայն, չեն տեսել: Շենքի, առանց այդ էլ խարխուլ վիճակին, օրեր առաջ գրանցված 5-6 բալանոց երկրաշարժը նոր վնասներ պատճառեց:

«Երկրաշարժից հետո ավելի շատացան ճաքերը: Անընդհատ փշուրներ, քարեր են թափվում»,- ասաց բնակիչներից մեկը:

Շենքի բնակիչը պատմեց, որ փետրվարի 13-ի երկրաշարժի ժամանակ քնած են եղել, արթնացել են պատերի ճաքերից իրենց վրա թափվող փշուրներից:

«Մեր 90 տարեկան հարևանն այդ օրը վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ դուրս եկավ տնից: Ինքն էլ վախենում է իր կյանքի համար: Հիմա այլ տուն է տեղափոխվել: Ամեն վայրկյան սպասում ենք, թե երբ է շենքի վերջը գալու»,- ասաց նա:

Շենքի բնակիչ Զարուհի Առաքելյանը, որը մեր այցի պահին տանը չէր, մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց, որ առաջ ավագանու բոլոր նիստերին հետևում էին՝ տեսնելու, թե ինչ ապագա է սպասվում իրենց ու իրենց շենքին, հիմա դադարել են նայել՝ խոսքերից հոգնել են:

«Մենք կարծես լինենք մեր շենքի բանտարկյալները: Դատապարտված ենք մահվան, կարծես Արզումանյան 10 շենքը դատապարտված է մահվան, որովհետև այս հարցը, արդեն քանի տարի է՝ չի լուծվում: Միակ լույսը, որ կա մեր այս բանտում, Քաղաքապետարանի խոստումներն են, որ մեզ տալիս են»,- ասաց Առաքելյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը և նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը 2019-ից ասում էին, թե Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները պետք է ներառված լինեն 2020-ի վերաբնակեցման ծրագրում: Դրսում 2021թ.-ն է:

«2019-ին նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հրապարակավ ԱԺ-ում ասաց, որ Արզումանյան 10 և 17 շենքերի համար Կառավարությունում հաստատված արդեն նախագիծ կա, ճարտարապետներն աշխատում են այդ ուղղությամբ, և 600 մլն մեր շենքի համար տրամադրվել է, որ պետք է կառուցվի  N 100 դպրոցի մոտ և մեզ տեղափոխեին այնտեղ: Կյանքի չկոչվեց, չեմ կարող ասել, թե այդ գումարները ո՞ր միջոցառմանն ուղղվեցին, ի՞նչ արվեցին, պատերա՞զմը, թե՞ կորոնավիրուսը խանգարեց: Այս ժամանակ, բնական է, բոլորս էլ տառապում էինք, ասում էինք՝ այդ ընթացքում չանհանգստացնենք, բայց գտնվում էինք շատ վատ վիճակում: Մենք ամեն օր ենք երկրաշարժ ապրում, էս երկրաշարժը մեզ համար հեչ զարմանալի չէր: Արդեն սովորական է դարձել, ուղղակի այս անգամվա երկրաշարժը մի քիչ ավելի ուժեղ էր և այնպես ցնցեց, որ մենք մտածեցինք, թե կմնանք փլատակների տակ: Քաղաքապետարանը մեզ կարծես ասում է՝ «սպասեք հաջորդ երկրաշարժին, փլվում եք, փլվեք, ոչինչ, էլի, շենք է հիմա, նյութ կլինի լրատվամիջոցների համար, մենք էլ, ինչպես միշտ, կաշխատենք և արագ կլուծենք այդ հարցը»,- ասաց Առաքելյանը:

4-րդ կարգի վթարային այս շենքում դեռ սպասում են, մինչև այդ նկարում են խորացող ճաքերն ու զարմանում, որ շենքը դեռ կանգուն է:

«Ճաքերն ավելացել են, բացվել են, հիմնական պատերի ճաքերն են բացվել, 3 տարի մենք անդադար դիմում ենք, հերթագրվում ենք, սպասում ենք, բայց կոնկրետ Քաղաքապետարանում պատասխանատուները՝ անշարժ գույքի կառավարման վարչության պետերը, մեզ ասում են՝ մենք ընդհանրապես ձեր շենքից տեղեկություն չունենք, այնինչ ավագանու նիստերի ժամանակ առաջնայինը հենց մեր շենքի մասին է խոսվում, խոստումներ են տալիս»,- ասաց շենքի բնակիչ տղամարդկանցից մեկը:

Բնակիչը պատմում է, որ արդեն 25 տարի 3-4 կարգի վթարային է իրենց շենքը, սակայն անգամ ամրացում չեն արել:

«Եթե նորից երկրաշարժ եղավ, այս մուտքը միանգամից կհավասարվի գետնին: Մեզ խաբեցին, ասեցին՝ սպասեք, արդեն լուծված է խնդիրը, ու նորից վերադառնում են՝ ասելով, թե՝ մենք պարտավոր չենք: էդքան մեծ գումարներ են ծախսվում տարբեր միջոցառումների համար, բայց գոնե 12 բնակչի, որոնց բնակարաններն ամենավատթար վիճակում են գտնվում, այդ բնակիչների մասին մտածող չկա: 911 էինք անընդհատ կանչում, որ դուռը բացեն: Դեֆորմացվում է, երբ դուռը փակում ես, հետո գալիս ես, որ ներս մտնես, անհնար է լինում, ստիպված գալիս են, ջարդում են, կարողանում ես տուն մտնել»,- ասաց բնակիչը:

Երկրաշարժի ժամանակ շենքի բնակիչներից ոմանց էլ թվացել է, թե հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում ինչ-որ բան է պայթեցվում: Բնակիչ տղամարդկանցից մեկը պատմեց, որ երկրաշարժի պատճառով ճաքեր չեն ավելացել, սակայն իր տանը դրանք մինչև այդ էլ քիչ չէին.

«Նոր արած կաֆելն ամբողջությամբ ճաքել է, նույնն էլ խոհանոցում է: Այսպես չպետք է լիներ, հիմիկվա սոսինձներն ուժեղ են, եթե մեծ շարժում չլինի, այսպես չի լինի»:

Այն, որ վերաբնակեցման ծրագիրն ուշանում է՝ փաստում են նաև սարդոստայններով պատված դռները, որոնք ավելանալու միտում ունեն:

Տեսանյութեր

Լրահոս