Երևանում կկառուցվի 3 նոր մանկապարտեզ, 12-ը կհիմնանորոգվի. ավագանին հավանություն տվեց դրամաշնորհային համաձայնագրին

Երևանի ավագանին իր այսօրվա նիստում հաստատեց Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց.

«Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի Էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակներում 2017թ.-ի դեկտեմբերի 1-ին ստորագրվել է 7 մլն եվրո վարկային համաձայնագիր: 2018 թվականի հունիսի 8-ին ստորագրվել է ևս մեկ պայմանագիր, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի համագործակցության հիմնադրամի շրջանակներում՝ 5 մլն եվրո գումարի համաձայնագիր: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմել է 15 մլն եվրո: 7 մլն եվրո հատկացրել է Եվրոպական ներդրումային բանկը, 2 մլն եվրո՝ Երևանի քաղաքապետարանը, 5 մլն եվրո դրամաշնորհն է, և Կանաչ կլիմայի հիմնադրամի դրամաշնորհների հաշվին՝ 1 մլն եվրո: Այս ծրագրի շրջանակներում մենք իրականացնում ենք մանկապարտեզների վերանորոգում՝ կապիտալ վերանորոգում  և սեյսմիկ անվտանգության միջոցառումների իրականացում»:

Հարցին, թե այս տարվա մեջ այս ծրագրով քանի՞ մանկապարտեզ է վերանորոգվելու  կամ հիմնանորոգվելու, փոխքաղաքապետը պատասխանեց.

«Այս ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 15 մանկապարտեզ, որոնցից 12-ի դեպքում կապիտալ շինարարություն է լինելու, 3-ի դեպքում կառուցվելու է նոր մանկապարտեզ»:

Սարգսյանի խոսքով՝ այս տարվա ընթացքում աշխատանքները կսկսվեն, բայց տարվա վերջին կապիտալ ավարտված շինարարություն չենք ունենա, քանի որ աշխատանքները տևում են միջինը 18 ամիս: Ավագանու միաձայն քվեարկությունից հետո Հայկ  Մարությանն ասաց.

«Համաձայնագիրը ստորագրում ենք, նվերն ընդունում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս