Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու հետևանքը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահն արդեն մամլո խոսնակ ունի, և Արայիկ Հարությունյանն արդեն հրամանագիր է ստորագրել Լուսինե Ավանեսյանին այդ պաշտոնում նշանակելու համար:

Թե ինչն է եղել Վահրամ Պողոսյանին, ով, լինելով Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը, կատարում էր նաև Արայիկ Հարությունյանի մամլո խոսնակի պարտականությունները, «կոչումազրկելու» պատճառը, դեռևս հայտնի չէ, բայց սա առնվազն տարօրինակ որոշում է, որովհետև վերջինս միշտ աչքի է ընկել ոչ այնքան՝ Արայիկ Հարությունյանին, որքան՝ Նիկոլ Փաշինյանին անսահման նվիրվածության ամենատարբեր օրինակներով:

Նույնիսկ պատերազմի ամենաթեժ օրերին, երբ, թերևս, Վահրամ Պողոսյանի հեռախոսը պայթում էր զանգերից, իսկ ֆեյսբուքյան էջը՝ հաղորդագրություններից, Արայիկ Հարությունյանը մամլո խոսնակ չնշանակեց՝ թեթևացնելու համար վերջինիս բեռը, ուրեմն ինչո՞ւ հենց հիմա նա կայացրեց այդ որոշումը:

Ինքը՝ Վահրամ Պողոսյանը, 168.am-ի հետ զրույցում ասել էր՝ «Լուսինե Ավանեսյանին ես հաջողություն եմ մաղթում իր գործում, իսկ ես շարունակելու եմ մնալ իմ զբաղեցրած պաշտոնում»: Բայց որքան էլ նա պնդի, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, Լուսինե Ավանեսյանի նշանակումը խոսում է Վահրամ Պողոսյանի դիրքերի անհամեմատ թուլացման մասին, քանի որ պարզ է, որ այս պահից առնվազն Արայիկ Հարությունյանին վերաբերող տեղեկատվության տիրապետումն ու սփռումը Լուսինե Ավանեսյանի լիազորությունների ներքո է:

Ակնհայտ է, որ այս նշանակմամբ Արայիկ Հարությունյանը հասկացնում է, որ ցանկանում է ազատվել Վահրամ Պողոսյանից, ինչը, թերևս, փաստաթղթային վերջնական ձևակերպում չի ստացել ինչ-որ մեկի գործուն միջամտությամբ:

Այսօրվա նշանակմանը նախորդել էր Վահրամ Պողոսյանի՝ երեկ 24news.am-ին տված հարցազրույցը, որում վերջինս «հետաքրքիր» եզրահանգումներ էր արել:

«Պատերազմը եղել է անխուսափելի։ Դրա սկսման առաջին նախազգուշացումը եղել է 2016-ին։ Դեռևս «քառօրյայից» հետո քննարկվում էր, որ այն ընդամենը սկիզբն է, բայց ավարտը չէ։ Ավարտը պետք է լինի խաղաղ բանակցությունների միջոցով՝ տարածքների հանձնմամբ։ Այդպիսի քննարկումներ ՀՀ նախկին ղեկավարների մակարդակով 2016 թ.-ին եղել են Արցախի իշխանությունների հետ։ Սակայն եղել է միանշանակ մերժում։ Մենք այս տարիների ընթացքում ճիշտ չենք օգտագործել ժամանակը, բացի դրանից, բանակցային գործընթացը հանրությանը չի ներկայացվել։ Դրանից բացի, մենք երկու սխալ ճանապարհ ենք ընտրել։ Մեկը, որ բանակը համապատասխան սպառազինություն չէր ստանում, մյուսը՝ այնպիսի ծայրահեղական թեզեր էին տարածում հայ ժողովրդի մեջ, որոնք մեզ տարել են մի վիճակի, որի հետևանքը, ցավոք, եղել է այն, ինչ կա։ Մենք պետք է կա՛մ բանակը պատրաստեինք, կա՛մ ժողովրդին նախապատրաստեինք քաղաքական ճանապարհին»,- ասել է նա։

Ուշագրավ պնդումներ է անում Վահրամ Պողոսյանը, սակայն խնդիրն այն է, որ նա դրանք անելիս կամ մոռացել էր իր ղեկավարի՝ ավելի վաղ արած գրառումը թեմայի վերաբերյալ, կամ խորը գաղափարական հակասություններ ունի Արայիկ Հարությունյանի հետ:

2019թ. փետրվարի 6-ին, Նիկոլ Փաշինյանի թավշյա իշխանությունների օրոք, Արայիկ Հարությունյանը գրել էր.

«Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, որ 2017 թ.-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին։ Կուզեի պարոն Բաբայանին և մեր հանրությանը տեղեկացնել, որ նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։

Հաջորդը. հիշատակված հայտնի հանդիպումը կամ ավելի ճիշտ հանդիպումները տեղի են ունեցել ոչ թե 2017 թ.-ին, այլ 2016 թ.-ի ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի։

Հ.Գ. «Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում։

Ուստի, հորդորում եմ զերծ մնալ այսօրինակ շահարկումներից։ Դրա փոխարեն յուրաքանչյուրս մեր ունեցած հնարավորությունների չափով կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք հայրենիքի երկարաժամկետ պաշտպանության ու զարգացման ուղղությամբ»: Սա գրելիս՝ արդեն պաշտոնաթող պետնախարար Արայիկ Հարությունյանը վստահաբար ավելի լավ էր տիրապետում բանակցային գործընթացի նրբություններին ու ներքին փակ հանդիպումների բովանդակությանը, քան Վահրամ Պողոսյանը:

Եվ երբ 2012թ.-ից Արցախի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձն ասում է, որ «մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել», դա ոչ մի կերպ չի նշանակում՝ «Այդպիսի քննարկումներ ՀՀ նախկին ղեկավարների մակարդակով 2016 թ.-ին եղել են Արցախի իշխանությունների հետ։ Սակայն եղել է միանշանակ մերժում»:

Իսկ երբ, օրինակ, Վահրամ Պողոսյանն ասում է՝ «մենք պետք է կա՛մ բանակը պատրաստեինք, կա՛մ ժողովրդին նախապատրաստեինք քաղաքական ճանապարհին», երևի իր սիրելի ՀՀ գործող իշխանությունների հետ ճշտումներ կատարի ամեն դեպքում, որովհետև, օրինակ, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն «Ազատության» եթերում այն դարակազմիկ միտքն էր հայտնում, թե մենք հաղթում ենք և հաղթելու ենք, որովհետև թուրք-ադրբեջանական ծրագիրը ձախողվել է:

«Փաշինյանի 2 տարվա գործունեությունը հանգեցրել է նրան, որ մենք 20 օր է, կարողանում ենք դիմակայել ավելի մեծ ուժերի, քան երբևէ եղել է տարածաշրջանում, հանգեցրել է նրան, որ մենք բացի 80-ական զենքերից՝ այսօր ունենք զենքեր, որոնք մեզ թույլ են տալիս դիմակայել, ընդամենը 2.5 տարվա ընթացքում: Եվ ես ցավով պետք է արձանագրեմ, որ վախենում եմ այն մտքից, որ, Աստված մի արասցե, հեղափոխություն չլիներ, հիմա մեր թշնամին լավագույն դեպքում Ստեփանակերտում էր»,- ասել էր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ինքը և ռազմական, և դիվանագիտական դաշտում տեսնում է հաղթելու ուղիները, և այո, մենք հաղթելու ենք:

Վահրամ Պողոսյան, Ալեն Սիմոնյանն ասում է՝ այնպես ենք զինվել 2.5 տարվա ընթացքում, որ թուրք-ադրբեջանական ծրագիրը ձախողել ենք, Արայիկ Հարությունյանն էլ ավելի վաղ պնդել էր, որ 2016-ին Ստեփանակերտի օդը բաց էր, իսկ հիմա ոչ միայն Ստեփանակերտի, այլև ողջ Արցախի երկինքն է պաշտպանված, դե, իսկ ելակն ու շապիկ-վարտիքն էլ բանակը դարձրել էին անպարտելի, հիմա ո՞ւմ վրա ես գցում ձեր չստացված, ապիկար կառավարման ու դավաճանական ծրագիրը 90 տոկոսով (ամեն դեպքում, ռուսների միջամտությամբ՝ Ստեփանակերտն ու մնացած 20 տոկոսը չհաջողվեց հանձնել) ավարտին հասցնելու գործողությունների պատասխանատվությունը:

Ի դեպ, նույն այդ հարցազրույցում Վահրամ Պողոսյանն ասում է, որ սուտ է այն թեզը, թե պատերազմում վաստակ ունեցող գեներալները դուրս են մնացել պրոցեսից:

«Դա այս պատերազմից հետո տարածված ամենասխալ թեզերից է: Այդպիսի բան չկա: Հենց առաջին օրվանից մեծ վաստակ ունեցող գեներալներն արդեն իսկ հայտնել էին իրենց աջակցությունը, և ռազմաճակատի տարբեր հատվածներում անգնահատելի ծառայություն են մատուցել»,- ասել է Վահրամ Պողոսյանը:

Վահրամ Պողոսյանը երևի մոռացել է, որ, բացի առաջին օրվա լուսանկարից ու տեսանյութից, որ Արայիկ Հարությունյանը տարածեց իր էջում, որևէ նման փաստ չկա, որովհետև իր նշած գեներալները, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարբեր առիթներով նշել են, որ այդ առաջին լուսանկարից հետո իրենց արգելվել է մտնել հրամանատարական կետ ու մասնակցություն ունենալ ռազմական գործողությունների մշակմանն ու իրականացմանը, որովհետև բունկերում կարգադրություններ անող Աննա Հակոբյանն Արայիկ Հարությունյանին ու ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին կտրականապես արգելել է դա՝ իր ընտանիքի մյուս անդամի՝ Նիկոլ Փաշինյանի բանավոր հրամանով:

Իսկ թե ինչ էր ասում Վահրամ Պողոսյանը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ բունկերում գտնվելու մասին, բոլորս ենք հիշում, երբ գրառում կատարեց, թե նա Արցախում է գտնվել բացառապես արցախցիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով, այնինչ հետո պարզվեց, որ նպատակն իրականում գեներալներին բարոյական աջակցություն հայտնելն էր, ի դեպ, ինչպես հետագայում Նիկոլ Փաշինյանն ասաց, հենց բունկերում, իսկ գրառումն էլ արագ անհետացավ նրա ֆեյսբուքյան էջից:

Տեսանյութեր

Լրահոս