«Շուտով կունենանք նաև ռուսական «Sputnik V» պատվաստանյութ». Առողջապահության նախարար
«Բազմիցս հնչեցվել է, որ որևէ պարտադրական պատվաստում Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել»,- այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք COVID-19-ի դեմ պատվաստանյութը լինելու է քաղաքացու որոշմա՞մբ, թե՞ պարտադրված:
Նախարարի խոսքով՝ պատվաստանյութն ընտրվում է մասնագիտական խմբի քննարկումների և դիտարկումների արդյունքում, և առաջիկայում կներկայացվեն այն պատվաստանյութերը, որոնք բարեհաջող անցել են կլինիկական փորձարկումները և կարող են ներմուծվել:
Հարցին, որ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նախկինում հայտարարել էր, որ պատվաստանյութն արդեն պատվիրել են, արդյոք դրանք հասե՞լ են, և եթե՝ այո, ո՞ր ընկերություններից ենք պատվիրել, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց.
«Երկու հարթակով ենք մենք աշխատում, մեկը՝ միջազգային COVAX հարթակն է, որտեղ երկրները միացյալ բանակցում են ընկերության հետ ունենալու լավագույն պայմանները, Հայաստանը ևս միացել է այդ հարթակին, աշխատանքներն ընթանում են: Գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության հետ արդեն վերջնականացնում ենք պայմանագրի կնքումը և շուտով կունենանք նաև ռուսական «Sputnik V» պատվաստանյութը:
Ճշտող հարցին, թե որքա՞ն ենք վճարում այդ պատվաստանյութի համար, նախարարը հարկ չհամարեց թիվ հնչեցնել՝ ասելով, որ պայմանագրի կնքումից հետո կիմանանք:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե արդյոք վստահո՞ւմ է ռուսական պատվաստանյութին, քանի որ մամուլը գրել էր, որ մի շարք քաղաքացիների մոտ պատվաստումից հետո մահացության դեպքեր են գրանցվել:
«Բոլոր պատվաստանյութերի վերաբերյալ պարբերաբար բարձրաձայնվում է կլինիկական հետազոտության ընթացքում, և ռիսկային խնդիրները, որոնք առաջացել են, մենք ուշադրությամբ դրանց հետևում ենք և հիմնվում ենք ապացուցողական բժշկության և մասնագիտական խմբերի կողմից հայտարարություններին»,- եզրափակեց առողջապահության նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում