«Աննա Հակոբյանին ԱՄՆ-ում դիմավորել է Հակոբ Սիմիդյանի քույրը, սա այն Հակոբ Սիմիդյանն է, ում տանը թաքնվում էր Նիկոլ Փաշինյանը». Արա Վարդանյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին», բերման ենթարկելու փաստին, պնդեց, որ Արցախյան 2-րդ պատերազմում հայկական կողմը Դավիթ Գալստյանի մատակարարած զենքի պատճառով չի պարտվել:
«Բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, որ Պատրոն Դավիթի կողմից մատակարարված սխալ զենքերի արդյունքում է հայկական կողմը պարտվել պատերազմում, փողոցային լեզվով ասած, «Նիկոլի կուտն են ուտում»: Մենք պարտվել ենք շատ պարզ պատճառներով, առաջինը՝ մեր երկիրը ղեկավարվում է Թուրքիայի և Ադրբեջանի գործակալների կողմից, սա ամենակարևորն է, մնացած ամեն ինչն արդեն կողքից պրոցեսներ են, հիմա թե՛ Դավիթին կձերբակալեն, թե՛ 100 այլ անձ կձերբակալեն, ես չեմ համարի, որ իրենք որևէ կերպ կապված են մեր պարտության հետ: ՀՀ-ն այս պատերազմում չի պայքարել, ՀՀ իշխանությունը մեզ այս պատերազմում տարել է պարտության, ցավոք սրտի, մեր զինվորները պայքարում էին այն գիտակցությամբ, որ հայրենիք են փրկում, բայց իրենք չգիտեին, որ այդ հայրենիքն արդեն աճուրդի է հանված և վաճառված է»,- ասաց Վարդանյանը:
Նրա պնդմամբ՝ նման ձերբակալություններով, Աննա Հակոբյանի ճամփորդություններով, Արծրուն Հովհաննիսյանի այսօրվա ճեպազրույցով փորձ է արվում հանրությանը շեղել գլխավոր օրակարգից, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը պաշտոնից:
«Մի մարդ, որ 44 օր լկտիաբար խաբել է ժողովրդին, այսօր փորձում է, աչքերը կլորացնելով՝ ասել, թե՝ ո՞վ է ձեզ նման բան ասել: Ամեն ինչ իր չափ ու սահմանն ունի: Արծրունը շատ այլ բաներ կարող էր անել, միգուցե ձենը կտրած պահեր, միգուցե ինքնասպան լիներ, միգուցե արտագաղթեր, որ դեմքը ոչ ոք չտեսներ, բայց նա նախընտրեց շարունակել ծառայել այս իշխանությանը, և նա այս իշխանության ծաղրածուներից մեկն է: Հատկանշական է նաև, որ Աննա Հակոբյանին ԱՄՆ-ում դիմավորել է Հակոբ Սիմիդյանի քույրը, սա այն Հակոբ Սիմիդյանն է, ում տանը թաքնվում էր Նիկոլ Փաշինյանը, երբ գտնվում էր հետախուզման մեջ»,- ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ հայ հանրությունն այսօր հուսալքված է, դա է պատճառը, որ շատերը բռնել են արտագաղթի ճանապարհը: Վարդանյանը վստահ է՝ մենք կանգնած ենք նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ արտագաղթի նախաշեմին:
«Ցավոք սրտի, անկախ նրանից, թե ով կգա Նիկոլ Փաշինյանից հետո իշխանության, մենք ունենալու ենք այդ արտագաղթը, միգուցե մի քիչ ավելի քիչ, բայց ունենալու ենք: Մարդիկ պատրաստ են այն տոմսի համար, որը գնում էին 200-300 դոլարով, այսօր արդեն 700-800 դոլար վճարել, որ փախչեն այս երկրից: Այլ հարց է, որ որևէ գնացողի չեմ ողջունում, կարծում եմ՝ պետք է մնալ և պետք է գործադրել բոլոր ջանքերը, որ կարողանաս ապրել քո հողում»,- ասաց Վարդանյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքականապես անելանելի վիճակում է:
«Նախագահ Քոչարյանը դրեց նաև վերջին կետը, նա ասաց, որ, այ ստահակ, եթե քեզ անգամ ինչ-ոչ հրաշք ձևով հաջողվի գնալ ընտրությունների, ապա այնտեղ էլ ենք քեզ սատկացնելու, դրա համար որպես քաղաքական գործիչ՝ տալիս եմ գնահատականս՝ Նիկոլ Փաշինյանը ծուղակում է»,- ասաց նա: