Մարության, բահերով սառույցների հետ один на один չպիտի մտնենք. դրա համար ՀՈԱԿ կա. Հռիփսիմե Առաքելյան
Անցյալ շաբաթվա վերջին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ բահով դուրս էր եկել փողոց և մայթերն էր մաքրում, նաև զգուշացնում էր տնտեսվարողներին, որ եթե իրենց խանութների, աշխատավայրերի առջևի հատվածը չմաքրեն, ապա կտուգանվեն, քանի որ Մարությանի պնդմամբ՝ դա ոչ թե Քաղաքապետարանի, այլև իրենց գործառույթն է: Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ քաղաքի մաքրման համար «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ գոյություն ունի:
«Հայկոյի ռեյտինգը բավականին ցածր է հիմա: Ես չգիտեմ՝ դա ո՞ր Գելափի հարցումն է, մի հատ կա իսկական, մի հատ կա կոոպերատիվ, չգիտեմ, անհասկանալի է, լիքը կան: Գելափը հարցում էր արել, դա կամ իրենց գրպանինն է, ուզում են Հայկոյին մեջտեղից հանել, կամ օբյեկտիվ Գելափն էր, որտեղ հստակ ներկայացվել էր, թե ինչքան ցածր է Հայկոյի ռեյտինգը, իմքայլականների մեջ առաջին 7-նյակ, 8-նյակում վերջին տեղում էր ինքը: Թերևս, ինքը, հաշվի առելով այդ հանգամանքը և նաև տեսնելով, որ իր թիմն էլ իրեն չի պահում այլևս, որոշել է այսպես դուրս ու ներս անել, ձնամաքրմամբ զբաղվել: Ինձ համար զավեշտալի է: Հա, լավ է անում, որ բահը վերցնում, գնում սառույցները ջարդում է, բայց Մարության, մենք բահերով պետք է դուրս չգանք один на один այդ սառույցները ջարդելու, մենք հսկայական գումարներ ենք տվել դրա համար, մենք ՀՈԱԿ ենք ստեղծել, ես կողմ եմ քվեարկել այդ ՀՈԱԿ-ի ստեղծմանը, որ մենք կարողանանք մաքրման աշխատանքները Երևանում իրականացնել, սա ի՞նչ է նշանակում, ամեն մեկն իր փոցխն ու բահը վերցնի, գնա Երևանի փողոցները մաքրի՞»,- հարց ուղղեց Առաքելյանը:
Նա նաև անդրադարձավ երեկ մամուլում տարածված այն լուրին, որ Հայկ Մարությանին իր հարևանները քաշքշել են, իսկ Երևանի քաղաքապետի խոսնակն էլ իր էջում գրել էր, որ այդ միջադեպի հեղինակը մի անսթափ մարդ է եղել, որը չի ճանաչել Մարությանին:
«Այսինքն՝ մի երևանցի անսթափ անձնավորություն, որը չի ճանաչել քաղաքապետին, քաշքշել է նրան, այնուհետև նրա ծնողները բարիշել են Հայկոյի հետ, ասել են՝ ներող եղեք, մեր տղան անսթափ է եղել: Այսինքն՝ Երևանում կա ինչ-որ մեկը, որ իր քաղաքապետին չի ճանաչում, եթե անգամ հաշվի առնենք, որ Հակոբ Կարապետյանի պարզաբանումը ստույգ էր»,- ասաց Առաքելյանը: