Պետական պաշտոնյաները լծված են ատելության քարոզին ու բռնության կոչերին
Մի քանի օր է՝ երկրի ներհասարակական կյանքը փոթորկված է: Պատճառն ակնհայտ է՝ վարչապետի կողմից Արցախի կապիտուլյացիայի վերաբերյալ նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթուղթը, որը ոտքի հանեց բոլորին:
Այս ֆոնին քաղաքական աղմկոտ ձերբակալություններին զուգահեռ, որոնց հիմքերն այնքան թույլ էին, որ հերթով կոտրվեցին դատարանում, ու ձերբակալվածներն ազատ արձակվեցին, իշխանությունները, ինչպես պնդում են ընդդիմադիր գործիչները, զինված խմբեր են ձևավորում՝ միտինգի մասնակիցների շրջանում սադրանքներ կազմակերպելու համար:
Բացի դրանից, հատկապես իշխանական գործիչներն այս օրերին արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանի քայլը՝ տեսանյութեր են տեղադրում իրենց էջերում այն մասին, թե իբր դիրքերում կանգնած տղաները գալու են ու հանրահավաքի մասնակիցների վերջը տան:
Իհարկե, դժվար է հավատալ, թե այդ որակն ինչ կարող է անել մարդկանց ազգային ամենանվիրական զգացումները ոտնատակ տալու համար բողոքի ելած ժողովրդին, բայց փաստ է, որ նման մարդիկ ու խմբեր կան:
Այս, ի աջակցություն ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող լեգիտիմագույն անձի՝ նկարված տեսանյութերը ըստ էության քաղաքացիական պատերազմ հրահրելու, երկրի ներքին կյանքում խժդժություններ կազմակերպելու կոչեր են:
Ուշագրավ է, որ դրանք տարածում են բարձրաստիճան պաշտոնյաները:
Մասնավորապես, նման հակահիգիենիկ տեսանյութ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ Լենա Նազարյանը, Ինչի մասին տեղեկացրել էր politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին:
Մեծ աղմուկ բարձրացրեց նաև Հանրապետության հրապարակի մեծ էկրանից հնչող բռնության կոչերի քարոզի թեման, ինչին անդրադարձել էր նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Բացարձակ անթույլատրելի, դատապարտելի է Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան այն տեսանյութի (արտապատկերը կցված է) ցուցադրումը, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն:
Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ, ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով, ու այն էլ՝ դա անել այս պատասխանատու օրերին:
Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք:
Ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք»,- մասնավորապես գրել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ Հանրապետության հրապարակում նման տեսանյութի ցուցադրման համար պատասխանատու մարմնի կամ պաշտոնյայի հարցով՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, կզբաղվի անպայման:
Արման Թաթոյանը չէր մոռացել հիշեցնել նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանում է քաղաքացուն պետությունից, այլ ոչ թե պետությանը՝ քաղաքացուց:
Ի դեպ, այդ տեսանյութը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ուղարկել էր Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)՝ դրանում ազգային անվտանգությանը սպառնացող իրական վտանգ տեսնելով:
ԱԱԾ մամուլի կենտրոնից 168.am-ին տեղեկացրին, որ տեսանյութը պաշտոնապես դեռ չեն ստացել: Ստանալուն պես կպատասխանեն:
Ատելության խոսք տարածող տեսանյութերից մեկի «հերոսն» էլ պետական պաշտոնյա է:
«Տարածված տեսանյութում խոսող «կամավորականը» իրականում վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալ Գառնիկ Վարդանյանն է։ Նրա ծառայակիցները տեղեկացնում են, որ Վարդանյանն իրականում պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Գորիսի տարածքում, ինչպես ՔՊ ջոկատի մյուս անդամները։
Գառնիկ Վարդանյանի տեսաուղերձը գալիս է ապացուցելու, որ իշխանություններն են կանգնած այս ահաբեկչական գործողության հետևում։ Իշխանությունները խախտելով Սահմանադրությունը՝ փորձում են զինված ուժերի կազմում ներառված քաղաքացիներին ներգրավել քաղաքական գործընթացներում և ճնշել ընդդիմախոսներին»,- գրել էր politik.am-ը:
168.am-ը ՀՀ գլխավոր դատախազություն դիմեց՝ տեղեկանալու համար, թե կոնկրետ վերոբերյալ տեսանյութի «հերոսով» ու դրա բովանդակությամբ զբաղվելո՞ւ է արդյոք դատախազությունը:
«ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում այդ և նույնաբովանդակ նմանատիպ այլ տեսանյութերը ֆիքսվել են դատախազության կողմից: Գլխավոր դատախազության կողմից դրանք ուղարկվել են Ոստիկանություն՝ ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ոստիկանությունից էլ խոստացան ավելի ուշ պատասխանել, երբ կստանան Դատախազության հաղորդումը: