Շուշիի պաշտպանության համար մղված մարտերում զոհվել է Վահե Սիրունյանը, վիրավորվել՝ Սերգեյ Հայրապետովը. նրանք Սեյրան Օհանյանի ընկերներն էին

Երեկ ադրբեջանական ագիտպրոպն իրենց երազանքների հերթական ապատեղեկատվությունը դաշտ նետեց՝ փորձելով հայ հասարակության մեջ հուսալքության սերմեր գցել: Տարածել էին, թե իբր վիրավորվել է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

«Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,- այս առնչությամբ գրել էր Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Այսօր 168.amզրուցել էր նաև Սեյրան Օհանյանի հետ, ով ասել էր. «Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը: Ինձ մոտ գտնվող ընկերներիցս մեկը, ցավոք, վիրավորվել է, մեկը զոհվել է․․․ բայց ամեն ինչ կարգին է: Աստված բոլորիս հետ»:

Մեր տեղեկություններով՝ խոսքը Շուշիի պաշտպանության օպերացիային մասնակցած ու իրենց կյանքն ու առողջությունը հայրենիքի զոհասեղանին դրած գնդապետ Սերգեյ Հայրապետովի և մայոր Վահե Սիրունյանի մասին է:

Երկուսն էլ «Մարտական խաչ. 1-ին աստիճան» շքանշանակիրներ են, ընդ որում՝ Վահե Սիրունյանը՝ հետմահու:

Ի դեպ, երեկ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Ցավոք, գիշերվա մարտերում ընկավ ևս մի ընկեր՝ Վահե ջան, հավերժ փառք քեզ։ Վիրավորվել է մյուս ընկերս՝ Սերգեյը։ Հերոսներ եք դուք։ #Հաղթելուենք»:

Գրառումը Սերգեյ Հայրապետովի և Վահե Սիրունյանի մասին է:

Տեսանյութեր

Լրահոս