Հայաստանը կդիմի Կրոնական ազատության միջազգային ալյանսին սուրբ Ղազանչեցոց եկեղեցու և մզկիթի վնասման հարցով

Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծման և մզկիթի վնասման հարցով Հայաստանը դիմելու է Կրոնական ազատության միջազգային ալյանսին։ Ազգային ժողովում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ միայն ալյանսին դիմելով՝ չեն բավարարվելու. խնդիրը բարձրացնելու են նաև միջազգային այլ հարթակներում։

«Կրոնական ազատությունների հարցն ավելի լայն իմաստով վերաբերում է մարդու իրավունքներին։ Դրա արտահայտումը նաև այս կոնֆլիկտի մեջ է։ Շատ հաճախ ենք մենք խոսում, որ Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտ չէ, մարդիկ են, որոնց իրավունքները վտանգված են, ինչը տեղի չի կարող ունենալ։ Վնաս է հասցվել ոչ միայն եկեղեցուն, այլ նաև մզկիթին, և այո՛, այս հարցը լինելու է քննարկման առարկա և, բնականաբար, հիմա փաստեր են գրանցվում, իրազեկման հետ կապված որևէ հարց բաց չի մնում։ Այս հարցերն ընդգրկվելու են միջազգային օրակարգի մեջ տարբեր հարթակներում, և սա միայն ալյանսին չի վերաբերում։ Մեր հայրենակիցներին սպառնում է գոյատևման վտանգ, այս պայքարը դրա մասին է, և այդ վտանգը բացառվելու է։ Այո՛, այն, ինչ անհրաժեշտ է հիմա, արվել է, շարունակվելու է արվել և ոչ մեկ ուղղությամբ»,- ասաց նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որի կազմում մեր միացման պահին կային 29 երկիր։

Տեսանյութեր

Լրահոս