«Իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց»․ Սերժ Սարգսյանը մանրամասներ է ներկայացնում

«Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց։ Նիստն ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին»,- ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահը նշեց, որ հնարավորություն չունի պատասխանելու լրագրողների հարցերին ոչ թե այն պատճառով, որ շատ գաղտնի բաներ կարող են սպրդել, այլ այն պատճառով, որ դրանք այնքան կարևոր իրադարձություններ են, որ ոտքի վրա, իրար ընդհատելով՝ չի կարող հասնել այն նպատակին, ինչ ինքն է հետապնդում․

«Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանն իրական, հավաստի տեղեկություններ՝ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում մենք, ես նկատի ունեմ՝ Զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես, մեր հանրությունը հաղթել է։ Հաղթել է ոչ միայն՝ մարտի դաշտում, այլ նաև՝ դիվանագիտական»։

Դիտարկմանը՝ հաղթել է՝ տարածքներ զիջելով, նախագահն արձագանքեց․ «Դուք հաստատում եք իմ այն պնդումը, որ հնարավոր չէ ոտքի վրա հարցազրույց կազմակերպել»։

Լրագրողները խնդրեցին գոնե պարզաբանել, թե ինչու է «5-րդ ալիքի» հայտնի ֆիլմում խոսել 400 հեկտար կորստի մասին, եթե 2016-ին հայտարարել էր 800 հեկտարի մասին։

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ արտակարգ դրության ավարտից հետո կպատասխանի ցանկացած հարցի։

«Ուզում եմ ասել, որ նիստի վերջում, ի պատասխան հանձնաժողովի նախագահի՝ ես ևս շնորհակալություն եմ հայտնել այս քննարկման համար»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Երրորդ նախագահը նշեց, որ որևէ պարագայում ինքը չի ղեկավարվել դավադրության տեսություններով․ «Չեմ ենթադրում, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ մեր դաշնակիցները, գործընկերները, դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ․ չկա նման բան։ Որ մենք ունենք նաև թշնամիներ՝ ակնհայտ է, բայց մենք ունենք բազմաթիվ բարեկամներ։ Բոլորին էլ խորհուրդ եմ տալիս այդ դավադրությունների տեսություններով չղեկավարվել։ Եվ այն, ինչ լսում կամ ընթերցում եք որևէ ինտերնետային էջում կամ կայքում, փորձեք մեկ այլ կայքերից, մեկ այլ ինֆորմացիայի աղբյուրներից ստուգել, այնուհետև անել սեփական եզրակացություն»։

Տեսանյութեր

Լրահոս