«Սեյրան Օհանյանն էլ ինչ-որ վերլուծություն է արել ու պահել, չգիտես ինչի, Պաշտպանության նախարարության սեյֆերում». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովն ավարտում է նախապատրաստական փուլը և պատրաստվում է քննելու փուլին։ Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, քննելու փուլը լիարժեք կիրացվի, երբ հանձնաժողովի բոլոր անդամները կմասնակցեն նիստերին։ Նա հիշեցրեց, որ արձակուրդային շրջան է, անդամների մի մասն աշխատում է փաստաթղթերի վրա, մի մասն այստեղ չէ։ Սակայն, վստահեցրեց Ա.Քոչարյանը, երբ իրենք պատրաստ լինեն մարդ կանչելու, հանձնաժողովի բոլոր անդամները, աշխարհի որ ծայրում էլ լինեն, կգան ու կմասնակցեն նիստերին, ինչը կլինի սեպտեմբերից շուտ։

Նա նշեց, որ լավ չի պատկերացնում, թե ինչու որևէ ներկա կամ նախկին պաշտոնյա պետք է հրաժարվի գալ հանձնաժողով և տեղեկություններ տալ. «Այստեղ բարոյականության հետ խնդիր կա, այս պահին հրաժարվել՝ նշանակում է՝ թաքցնել։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կընտրի այդ ճանապարհը»։

Ա.Քոչարյանը նշեց, որ հանրությունը կտեղեկացվի արդյունքների մասին. «Էլ ինչի՞ համար ենք աշխատում, ո՞ւմ համար ենք աշխատում։ Հեն ա, Սեյրան Օհանյանն էլ ինչ-որ վերլուծություն է արել ու պահել, չգիտես ինչի, Պաշտպանության նախարարության սեյֆերում»։

Ըստ նրա՝ այս ամսին դեռ չեն լսի Ս.Օհանյանին, սակայն նրան էլ կհրավիրեն, հարցերի դեպքում, չի բացառվում՝ նաև Սերժ Սարգսյանին հրավիրեն։

Ա.Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքն ուղղված է լինելու անվտանգության համակարգի առողջացմանը, ինչը նշանակում է, որ, եթե նկատեն թերություններ, դրանք կվերացվեն։

 

 

Տեսանյութեր

Լրահոս