«Օրենքի դաշտում կանանց նկատմամբ խտրական մոտեցում չկա, բայց մեխանիզմների իրականացման ընթացքում, որոնք ավելի շատ սովորույթի ուժով են, այո, լինում են». Զարուհի Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մայիս-հունիս ամիսների ընթացքում այցելել է մարզեր՝ յուրաքանչյուրում հանդիպելով տեղի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ` քննարկելով այն հիմնական խնդիրները, որոնց հանդիպում են կանայք Հայաստանի տարբեր բնակավայրերում։
Իրականացված 10 մարզային այցելությունների արդյունքում արձանագրվել են մի շարք ընդհանուր և տեղային բնույթի խնդիրներ, որոնք առնչվում են՝ ինչպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, այնպես էլ՝ այլ նախարարությունների իրավասության շրջանակներում գտնվող հարցերին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կարևորեց ուսումնասիրությունների արդյունքները. «Հանդիպումների միջոցով մենք հավաքագրել են կանանց հուզող խնդիրներն ու նաև այն առաջարկությունները, որոնք պետք է հիմք հանդիսանան մեր ծրագրերի, քաղաքականությունների մշակման համար»:
Նախարարը տեղեկացրեց, որ հանդիպումների ընթացքում տարբեր ոլորտների առնչվող խնդիրներ են արծարծվել, և պատրաստակամություն հայտնեց՝ խնդիրներին լուծում տալու համար. «Հատկապես մարզերում կարևոր է կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին. մենք գիտենք, որ այսօր նրանք բավականին ներուժ ունեն և բավականին լուրջ խնդիրներ են հաղթահարում, բայց մենք հավատում ենք, որ նրանք կարող են ավելին և նրանք արժանի են ավելիին:
Մեր առաջնային քայլերից պետք է լինի խաղաղ ու ապահով միջավայրում նրանց երջանիկ կյանքի ապահովումը»:
Արդեն լրագրողների հետ առանձնազրույցում Զ. Բաթոյանը ներկայացրեց մարզային հանդիպումների ֆորմատի կարևորությունն այն առումով, որ «հատկապես մարզերում կանայք պետք է վստահ լինեն, որ իրենք պետք է լսված լինեն»: Նա խնդիրների լուծման ճանապարհին կարևորեց բոլոր գերատեսչությունների դերը, բոլոր նախարարությունների հետ համագործակցությունը:
Հարցին, թե պետության մեջ կա՞ն արդյոք իրավական առումով խնդիրներ, խտրական մոտեցումներ կանանց հանդեպ, նախարարը պատասխանեց. «Օրենքի դաշտում խտրական մոտեցում չկա, բայց մեխանիզմների իրականացման ընթացքում, որոնք ավելի շատ սովորույթի ուժով են, այո, այդ դեպքում լինում են»:
Թեմայի ծիրում կարևորելով պետության համաչափ զարգացումը՝ նա նշեց. «Իհա՛րկե մարզերը զարգացնելու խնդիր ունենք»:
Զարուհի Դիլանյան