Բաժիններ՝

Թվով 80 «պադավատ»-մեքենաներ կտրվեն տեսչական մարմիններին

ՀՀ ֆինանսների նախարարությունից 7 ավտոմեքենա կամրակցվի առողջապահության տեսչական մարմնին, 73 ավտոմեքենա ամրագրվում է մյուս բոլոր տեսչական մարմիններին: Այս մասին այսօր գործադիրի նիստում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ «պադավատների» հարցի հետ կապված գրառում  է արել ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանը, ով անհանգստություն է հայտնել, որ պետական մարմիններին ավելացվում են 73 ավտոմեքենաներ:

«Հրաժարվում եմ հասկանալ որևէ տրամաբանություն, որ կարող է դրված լինել թվով 6 տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական ավտոմեքենա տրամադրելու կառավարության որոշման նախագծի հիմքում:

«Պադավատիզմի» մշակույթը հետզհետե չեզոքացնելու, եղածները կրճատելու փոխարեն՝ նորանոր պաշտոնատար անձանց այդ արտոնությամբ հարկատուների հաշվին օժտելը համարում եմ հեղափոխության հռչակած արժեքներից հեռացում, որի հետ իմ կողմից հաշտվելը կամ դրա մասին լռելը կրկնակի դավաճանություն կլիներ այդ նույն արժեքների նկատմամբ:

Եվ չնայած պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների քանակը այս փոփոխությունների արդյունքում աճելու է ընդամենը 2-ով, սակայն, ի հաշիվ այդ մարմիններին սպասարկելու համար հատկացվող նոր մեքենաների` ծառայողական ավտոմեքենաների ընդհանուր քանակը Հայաստանի Հանրապետությունում աճելու է 73-ով` հասնելով 1774-ի»,- գրել էր Է. Առաքելյանը:

«Այս մտայնությունը տեղին չէ, որովհետև այդ 73 ավտոմեքենաները փաստացի այս պահին օգտագործվում են տեսչական մարմինների կողմից, և այս որոշմամբ մենք ընդամենը կատարում ենք 2005թ. կառավարության որոշման պահանջը, ըստ որի՝ կառավարությունը պետք է հաստատի բոլոր մարմիններում ավտոմեքենաների առավելագույն թիվը: Ըստ էության՝ այս որոշմամբ մենք սահմանում ենք այդ մեքենաների առավելագույն թիվը, որը հետագայում հնարավորություն չի ստեղծի հավելյալ ավտոմեքենաներ ձեռք բերել»,- ասաց Է. Աղաջանյանը:

«Բայց էդ թվաբանությունն ինչքանո՞վ է համապատասխանում մեր հայտարարած կուրսին»,- տարակուսանք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աղաջանյանը պարզաբանեց, որ խոսքը 6 տեսչական մարմինների մասին է, իսկ ծառայողական մեքենա ունեն միայն տեսչական մարմինների ղեկավարները: Նա նշեց, որ Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատարի հետ պայմանավորվել են, որ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ պետք է գնահատվի ծառայողական մեքենաների իրական և նպատակային պահանջարկը և կստուգվի հանձնարարականի կատարողականը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ, չնայած ասվում է՝ մարմինների ղեկավարներին է մեկական մեքենա հատկացվում, սակայն հիմնավորման մեջ գրված է, որ տարածքային ստորաբաժանումներին նախատեսվում է մեկական ավտոմեքենա, որը նորմալ է, քանի որ դրանք Երևանում չեն, բայց նաև ամեն վարչությանը մի մեքենա է տրվում: Թորոսյանի խոսքով՝ որդեգրված քաղաքականության համաձայն՝ ոչ թե վարչության պետերին պետք է տրվի մեքենա, այլ պետք է լինի հերթապահ մեքենա, որից կկարողանա օգտվել ցանկացած աշխատակից: Նախարարը հայտարարեց, որ իրենց տեսչությանը հատկացվելու է 7 ավտոմեքենա, և այդտեղ խախտված է այն տրամաբանությունը, որ ի սկզբանե դրվել է:

Է.Աղաջանյանը հստակեցրեց, որ 7 ավտոմեքենա փաստացի դուրս է գրվել տեսչության հաշվեկշռից և ավելացում տեղի չի ունենա:

«Բայց կարար կրճատում լիներ»,- արձագանքեց Ա.Թորոսյանը:

Վարչությունների պետերին մեքենաներ հատկացնելու մասով Է. Աղաջանյանը նշեց, որ դրանք չեն ամրակցվելու պետերին, այլ հատկացվում են վարչություններին:

Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ավտոմեքենաներն ամրակցվում վարչություններին, ինչի պատճառով դրանք, ի վերջո, դառնում են ծառայողական, ինչո՞ւ չի հատկացվում հիմնարկին: Աղաջանյանը մատնացույց արեց մարզերում ստորաբաժանումները:

«Խոսքը գլխամասի վարչությունների մասին է, ինչո՞ւ ենք վարչություններին կցում»,- կրկնեց վարչապետը:

Է.Աղաջանյանի դիտարկմանը, որ հարցը տեխնիկական է, Ն. Փաշինյանը հակադարձեց, որ այն քաղաքական նյուանսներ ունի. «Եկեք այս հարցը նորից քննարկենք, որպեսզի մեր արած հայտարարությունների հետ ունենանք 100% համապատասխանություն՝ և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս