Պարտադիր դարձնել գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրո՞ւմը, թե՞ ԱՊՊԱ-ի և տեխզննման գործընթացները սինքրոնիզացնել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց, որ օրերս տեղի ունեցած վթարներից մեկով կա 7 զոհ, որից 6-ի մահն այրվածքների հետևանք է, և կան 3 ծանր վիրավորներ:
Նա առաջարկեց պարտադիր դարձնել գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը բոլոր մեքենաների վրա՝ հաշվի առնելով, որ մեքենաների մեծ մասը գազով է երթևեկում:
«Զոհերի մեծ մասը դրանից է եղել, որ արագ այրվել են, և չեն հասցրել տարհանել, նույնիսկ օգնություն դժվար է եղել ցուցաբերելը»,- ասաց նախարարը:
Վրաստանի դեպքի կապակցությամբ Ա.Թորոսյանը նշեց, որ կա 3 զոհ, որից 2-ը՝ երեխա, 2 ծանր վիրավոր տեղափոխվել են Հայաստան, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, և վաղ է ասել՝ կփրկվե՞ն, թե՞ ոչ:
«Առաջարկում եմ՝ բոլոր Վրաստան երթևեկող մեքենաներին սահմանային անցակետեր մտնելուց առաջ անխտիր ստուգել գերբեռնվածության համար»,- ասաց Ա. Թորոսյանը՝ նշելով, որ սահմանապահը չի կարող տեսնել՝ մեքենան գերբեռնվա՞ծ է, թե՞ ոչ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կքննարկեն առաջարկները:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց ԱՊՊԱ-ի և տեխզննման գործընթացները սինքրոնիզացնել, որպեսզի նորմալ տեխնիկական վիճակ չունեցող մեքենան ապահովագրություն չստանա: