Բաժիններ՝

«Ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցած ավտովթարներին, որոնց հետևանքով մեծ թվով զոհեր եղան:

«Ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է: Այսինքն՝ այն վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, նրանք պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն: Նախագիծն Ազգային ժողովում է»,- ասաց Ն.Փաշինյանը:

Ըստ նրա՝ պետք է Ազգային ժողովի հետ քննարկել, որ հնարավորինս շուտ նախագիծն ընդունվի:

Նրա կարծիքով՝ այս հարցում ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցի հասարակական կազմակերպությունների (հ/կ) հետ:

Ն. Փաշինյանը հիշեցրեց, որ այս թեման քննարկվել է նաև իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ, որ հնարավորություն պետք է ընձեռվի՝ համապատասխան ծրագրային ապահովման միջոցով քաղաքացիները կարողանան կոպիտ խախտումներն արձանագրել և ուղարկել ոստիկանությանը:

Նա նշեց, որ ԱԺ «Իմ քայլ» խմբակցության անդամները  հ/կ-ների ներկայացուցիչների հետ արդեն սկսել են այդ աշխատանքը, որից տեղյակ է նաև ոստիկանությունը.

«Պետք է արձանագրենք, որ քաղաքական կամքն ու որոշումը կա, այստեղ խնդիրն այս որոշման տեխնիկական մասն ապահովելն է»:

Դիմելով ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ Ն.Փաշինյանը նշեց, որ հատկապես հիմա պետք է ճանապարհային երթևեկության նկատմամբ լինի կրկնակի և եռակի ավելի վերահսկողություն: Ըստ նրա՝ 2018-19թթ. ՀՀ-ում ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է արձանագրվել.

«Այսօր աներևակայելի թվով ավտոմեքենա կա Հայաստանում, ու մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, և դա, իր հերթին՝ բերում է մարտահրավերներ: Եվ այդ մարտահրավերներին արձագանքը պետք է լինի հետևյալը, որ ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ: Պետք է հաշվի առնենք, որ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդտեղ որևէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետև խոսքը մարդկանց, մեր երեխաների, մեր հայրենակիցների կյանքի, անվտանգության ու առողջության մասին է»:

Վարչապետը ոստիկանապետից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել և ձեռնարկվելու այս հարցում՝ շոշափելի փոփոխություն ապահովել՝ մինչև օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի ու կկիրառվի:

«Մենք բոլորս ցավում ենք վերջին դեպքով, այդ թվում՝ ոստիկանության ողջ անձնակազմը, և ձեր մտահոգությունը, նաև՝ բոլորիս, տեղին է»,- ասաց Վ.Օսիպյանը՝ ներկայացնելով նմանատիպ վթարների դեպքեր՝ 2011թ. Արցախի փողոցի վրա վթարի հետևանքով բռնկված հրդեհից 4 զոհ է եղել, 2014-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի հատվածում 7 զոհ է եղել, Երևան-Երասխ ավտոճանապարհի Զոդի կամրջի վրա նույնպես նման դեպք է եղել:

«Վստահեցնում եմ, պարոն վարչապետ, որ յուրաքանչյուր հանցագործության դեպքով, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ և վթարներով, հատկապես՝ այն վթարները, որոնց հետևանքով ունենք զոհեր, մենք ուսումնասիրություններ ենք իրականացնում և մենք չենք կարող ֆիզիկապես այն հատվածներում, որտեղ զոհեր ենք ունենում, վերակարգել դրանք»,- ասաց Վ. Օսիպյանը՝ օրինակ բերելով կամրջի վրա վթարը, որտեղ արգելված է վազանցը, կայանելը:

Ոստիկանապետը, շեշտելով, որ ամեն ինչ անում են, չբացառեց, որ իրենց աշխատանքում ևս կան թերացումներ: Նա ներկայացրեց, որ վերջին 10 տարիներին ճանապարհային պատահարների թիվը միտում ունի աճելու, և զուգահեռ աճում է զոհերի ու վիրավորների թիվը, այսպես՝ 2018 թ. ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, 150 զոհ, 2736 վիրավոր, 2019թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, այսինքն՝ 342 ՃՏՊ-ով ավելի, իսկ զոհերը՝ 19-ով ավելի, ընդհանուր 69 զոհ կա ապրիլի դրությամբ, 3212 վիրավոր: Օսիպյանը հաստատեց, որ աննախադեպ մեքենաների հոսք կա, մասնավորապես՝ 2017թ. ներկրվել է 38000 տրանսպորտային միջոց, 2018թ.՝ 73562, ընդ որում՝ 2018-ի առաջին 6 ամիսներին՝ 28954, իսկ 2019թ. 6 ամիսներին՝ +25662, այսինքն՝ ներկրվել է 54 216 ավտոմեքենա: Ըստ նրա՝ ոչ միայն ոստիկանության վատ աշխատանքն է խնդիրը, այլև ճանապարհների վատ լուսավորությունը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ձևական բնույթը, որ իրականում տեխզննում չի անցնում, մինչդեռ իրեն ամեն օր զեկուցում են, որ որևէ մեքենա ուղիղ ճանապարհին կորցրել է կառավարումն ու ընկել ձորը, որովհետև մի դետալ կոտրվել է:

Օսիպյանի խոսքով՝ ավտոշուկայում այսօր դետալները փայլեցնում են, բայց դրանք մաշված են: Նա նկատեց, որ, օրինակ՝ Դուբայում արտաքնապես շատ լավ որակի անվադողը չի թույլատրվում շահագործման, եթե դրա ժամկետն անցել է:

Վարչապետը նշեց, որ այստեղ մի գործողությամբ հարցեր չեն լուծվի, դրանք կլուծվեն հետևողական, տրամաբանված ռազմավարություն և ճանապարհային քարտեզ ունենալու միջոցով: Նրա խոսքով՝ բալային համակարգը շատ լավն է և էականորեն կփոխի իրավիճակը:

«Պարոն վարչապետ, Դուք ճիշտ եք, միայն փրկությունն այստեղ կլինի բալային համակարգը կյանքի կոչելը»,- ասաց Վ.Օսիպյանը՝ հավելելով, որ տուգանումները չեն փոխում իրավիճակը, բալային համակարգի միջոցով կարգազանց վարորդները կմեկուսացվեն:

Վարչապետը նշեց, որ իր կարծիքով՝ տուգանքները միայն տեղային էֆեկտի են բերում, այսինքն՝ 500 մ վրա դեպքերի նվազեցման, իսկ մնացած հատվածում՝ ընդհակառակը, այնպես որ, պետք է վերագնահատել ոստիկանության աշխատանքը, ներդնել բալային համակարգը և քաղաքացիական հասարակության հետ համագործակցել, որպեսզի քաղաքացիներն իրենք էլ նպաստ բերեն երթևեկության անվտանգության ապահովմանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս