Բաժիններ՝

Կառավարությունում կփորձեն լուծել 1988թ. երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են

Երեկ կառավարությունը դռնփակ նիստում հաստատեց միջնաժամկետ ծախսերի 2020-2022թթ. ծրագիրը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ այդ քննարկման շրջանակներում որոշվել է` 2020թ. հունվարի 1-ից 10%-ով կբարձրանան կենսաթոշակները, նաև սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը:

Վարչապետը նշեց, որ նախորդիվ հայտարարել էին, որ կփորձեն մեկ ծրագրի շրջանակներում լուծել 1988թ. երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են: Այդ նպատակով, ըստ Ն.Փաշինյանի, կհատկացվի 3 մլրդ դրամ, իսկ ծրագրի մանրամասները և հարցի լուծման մեթոդաբանությունը հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն: Ն.Փաշինյանը նաև արձանագրեց, որ հունիսի 1-ից արդեն բարձրացել են զինվորականների աշխատավարձերը: Նա նշեց, որ երեկ ավելի կարևոր խնդիր է քննարկվել.

«Մեր հիմնական խնդիրը հիմա՝ ունենալ բարձր, ներառական տնտեսական աճի ցուցանիշների հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ և, ինչպես կառավարության ու «Իմ քայլը» դաշինքի ծրագրում է արձանագրված, այդ խնդրի լուծման հիմնական միջոցը մենք տեսնում ենք վերամշակող արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման և զբոսաշրջության զարգացման ուղղություններով: Եվ որպես դրան ուղղված գործողությունների հերթական հանգրվան` Վիետնամ ու Սինգապուր մեր այցի շրջանակներում այդ թեմաներով քննարկումներ ունեցել ենք: Այս պահին, կարծում եմ, մենք պետք է ստեղծենք աշխատանքային շրջանակ, որը կներառի արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ խոսքը հատկապես այն ձեռնարկությունների մասին է, որոնք հում հումքից արտադրանք են ստանում:

Վարչապետն էկոնոմիկայի նախարարին հանձնարարեց սկսել այդ ձեռնարկությունների հետ աշխատանքային շրջանակի ձևավորմանն ուղղված քայլերը, և մինչև օգոստոսի 20-ը կառավարությունում կկայանա հանդիպում ու քննարկում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս