Բաժիններ՝

ՀԷՑ-ում աուդիտ կիրականացվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում տեխնիկական աուդիտ կիրականացվի: Հուլիսի 10-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհաստատի աուդիտի ծրագիրն ու ժամանակացույցը:

Ըստ որոշման նախագծի՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխող և երաշխավորված մատակարարի և բաշխման ցանցի սեփականատեր ընկերությունում ներդրումային գործունեության վերլուծությունը կարևոր է սակագներում ներառման ենթակա ներդրումների օգտակար և օգտագործվող ծավալի որոշման, ներդրումների արդյունավետության գնահատման, այդ համատեքստում անարդյունավետ և ոչ հիմնավոր ներդրումների ծավալի բացահայտման և վերհանման առումով՝ սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագնային մարժայում դրանք չներառելու սկզբունքից ելնելով:

ՀԷՑ-ը ներկայումս իրականացնում է 2018-2027 թվականների շուրջ 314,8 մլրդ դրամի ներդրումային ծրագիր։ Մասնավորապես, 2017 և 2018 թվականներին ընկերությունն իրականացրել է շուրջ 50 մլրդ դրամի ներդրումներ, իրականացրել է շուրջ 70 գնման գործարք՝ շուրջ 23 մլրդ դրամ ծավալով։

Աուդիտի ընթացքում պետք է ուսումնասիրվեն ներդրումային հաշվետվություններում ներկայացված շինմոնտաժային աշխատանքների արժեքները, գնահատվի համապատասխանությունը հանձնաժողովի հետ համաձայնեցված շինմոնտաժային աշխատանքների արժեքների հաշվարկման մեխանիզմներին, այդ աշխատանքների համապատասխանությունը շուկայական արժեքներին, նաև որոշվի շեղման չափը և այլն։

Աուդիտ իրականացնելու համար հայտերը ՀԾԿՀ պետք է ուղարկվեն մինչև հուլիսի 11-ը, աուդիտը սկսվելու է 2019 թ. օգոստոսի 1-ից, իսկ վերջնական հաշվետվությունը հանձնաժողով պետք է ներկայացվի մինչև 2019 թ. նոյեմբերի 11-ը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս