«Որևէ նման բանաձև դեռևս չի ուրվագծվել». Սոս Ավետիսյանը՝ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևի մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հակահայկական բանաձև այս պահին չկա:

Այս մասին 168.amի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԵԽԽՎ-ում արդեն կա հակահայկական բանաձևի նախագիծ՝ տրանսգենդերի հարցով, որի մասին խոսել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Որևէ նման բանաձև դեռևս չի ուրվագծվել, որ կարող ենք տեսնել: Տեսնելուն պես պարոն Էդմոն Մարուքյանը կարող է առաջիններից մեկն արձագանքել, որովհետև նա է հանդիսանում ԵԽԽՎ-ում մարդու իրավունքների հանձնաժողովում մեր ներկայացուցիչը»,- ասաց Ս.Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում տրանսգենդերի հետ կապված միջադեպից հետո Է.Մարուքյանը լրագրողներին ինչ-որ առումով կշտամբելով՝ ասել էր, թե այնքան հարցը շրջանառվեց, որ ԵԽԽՎ-ում բանաձևի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որտեղ ասվում է, որ Հարավային Կովկասում սեռական փոքրամասնությունների և տրանսգենդեր անձանց իրավունքների ոտնահարում կա:

«Այնտեղ դոմինանտ հատված կա Հայաստանի մասին, որը խորհրդարանից հետո դրսում, ներսում, մամուլում տեղի ունեցած քննարկումների արդյունք է: Եթե այդ բանաձևն ընդունվի, Հայաստանը դրա մեջ դատապարտվող երկրներից է»,- ասել էր Մարուքյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս