«Վստահաբար կարող եմ պնդել, որ Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը եղել է վրիպակ: Մերձեցման որևէ երեկոյի, ցերեկոյի չեմ մասնակցել». ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյան
«ԲՀԿ-ի միանշանակ քաղաքական որոշումն է եղել՝ կողմ քվեարկել Ռուսաստանի ձայնի վերականգնմանը: Վստահաբար կարող եմ պնդել, որ Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը եղել է վրիպակ: Մերձեցման որևէ երեկոյի, ցերեկոյի չեմ մասնակցել»,- այսօր ԱԺ-ում ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանականների ասուլիսի ժամանակ հայտարարեց պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի քվեարկությանը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը նշեց, որ երեկոյի մասին տեղյակ չէ, եթե լիներ, որևէ խնդիր չուներ մասնակցելու որևէ նման հանդիպումների: Նա նշեց, որ ՀՀ-ում բոլոր փաստաթղթերն ամբողջությամբ չեն թարգմանվել ու ներկայացվել, կար զեկույց, որը վերաբերում էր կանոնակարգի փոփոխությանը և թույլ էր տալիս նախկինում պատժամիջոցների տակ գտնվող պատվիրակներին վերադառնալ, այսինքն՝ անուղղակի էր վերաբերում ՌԴ-ին, որը ԵԽ կանոնակարգ է: Հ.Իգիթյանը նշեց, որ եղել են 220 տարբեր առաջարկություններ: Նրա կարծիքով՝ ճիշտ է, երբ պատվիրակությունը ներկա է գտնվում իրեն վերաբերող հարցի քննարկմանը, նաև հայտնի է, որ կոռուպցիոն երևույթներ են եղել ԵԽԽՎ-ում, մոտ 13 պատգամավորներ մինչև կյանքի վերջ զրկվել են ԵԽԽՎ պատգամավորի ձայնի իրավունքից. «Երբ քվեարկությունը թույլ էր տալիս, ՀՀ-ն 4 ձայնով կողմ է քվեարկել: Դա ստորագրված է մոտ 60 պատգամավորների կողմից, գրեթե բոլոր երկրների, որ այդ կոռուպցիայի հարցը պետք է վերանա և ԵԽԽՎ-ից դուրս գա»:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը նշեց, որ լիտվացի ու լեհ պատգամավորները նույնպես սխալ էին քվեարկել, այսինքն՝ մարդկային սխալի գործոնը միայն պարոն Ռուբինյանի դեպքում չի եղել:
«Չի կարող ԵԽԽՎ-ն դառնալ հակառուսական կառույց»,- ասաց նա՝ նշելով, որ ՌԴ-ին ձայնից զրկող մարմինը դրա իրավունքը չի էլ ունեցել:
Պատգամավոր Սոս Ավետիսյանը տեղեկացրեց, որ ռուս գործընկերներին բացատրել են, որ վրիպակ է եղել, ընդ որում՝ բացատրության որևէ պահանջ չի եղել, իրենք սեփական նախաձեռնությամբ են պարզաբանել:
Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ «մերձեցման» խնջույք, միջոցառում, պաշտոնական հանդիպում ՌԴ պատվիրակների հետ չի եղել: Նա կարևորեց մյուս ելույթները և նշեց, որ հայ պատվիրակները բազմիցս անդրադարձել են Ադրբեջանում կոռուպցիայի խնդրին, ինքը շնորհակալություն է հայտնել Պորտուգալիային՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար: