Վրաստանի նախագահը պատմել է, թե երբ կցանկանար հանդիպել Թրամփի հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, թե ցանկանում է Դոնալդ Թրամփի հետ հանդիպել նախքան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների նոր հանդիպումը: Նրա խոսքով՝ Վրաստանի նախագահի վարչակազմն արդեն նամակ է ուղարկել Վաշինգտոն` աշխատանքային հանդիպում անցկացնելու խնդրանքով:
«Հնարավոր է, որ կայանա Թրամփի եւ Պուտինի հանդիպումը: Հանդիպման օրակարգը դեռեւս հայտնի չէ: Մեզ համար ամենագլխավորն այն է, որ մենք մինչ այդ հնարավորություն ունենանք հանդիպել ԱՄՆ-ի նախագահի հետ: Մենք պետք է Թրամփին ծանոթացնենք մեր տեսլականներին, մեզ համար ցավոտ հարցերին, որպեսզի նա իմանա՝ ինչն է մեզ համար ամենատագնապալին այդ բանավեճում»,- Զուրաբիշվիլիի խոսքը մեջբերում է Վրաստանի Առաջին ալիքը:
Նա հավելել է, թե չգիտի՝ ԱՄՆ-ի նախագահն ազատ ժամանակ կունենա արդյոք իր հետ հանդիպելու համար:
Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում առայժմ միայն մեկ արտասահմանյան այց է կատարել Բրյուսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: