ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ, մասնավորապես, սահմանափակիչ միջոցները տարածվում են PDVSA նավթի-գազի պետական ընկերության վրա: Վաշինգտոնը կարգելափակի կորպորացիայի յոթ միլիարդ դոլարի ակտիվները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Պատժամիջոցները կվերաբերեն երկրի կառավարությանը, քաղաքական բոլոր այն ստորաբաժանումներին ու գործակալություններին, ներառյալ Վենեսուելայի Կենտրոնական բանկը, ինչպես նաեւ բոլոր այն անձանց, որոնք գործում են ի շահ «Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի»:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նշել է, որ վենեսուելական նավթի ցանկացած գնում կարող բերել գնորդի հաշվիների արգելափակման: Նա նաեւ հայտարարել է, որ, արգելափակելով PDSVA-ի ակտիվները, ԱՄՆ-ն այդ ընկերությունը «պահպանում է» Վենեսուելայի ժողովրդի համար եւ միջոցներ է ձեռնարկում սեփական շուկան ու սպառողներին պաշտպանելու համար:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննադատության է ենթարկել PDVSA նավթի-գազի պետական ընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի իշխանությունների որոշումը: «Դրանք անօրինական, անբարո, հանցավոր գործողություններ են»,- ասել է պետության ղեկավարը:
Ինչպես հայտարարել է Մադուրոն, ինքը պատրաստ է բանակցություններ վարել իր քաղաքական հակառակորդների հետ:
«Ես վերստին պատրաստ եմ բանակցություններ, երկխոսություն սկսել Վենեսուելայի ամբողջ ընդդիմության հետ հանուն խաղաղության, փոխըմբռնման ու փոխադարձ ճանաչման»,- ասել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում: