Հնդկաստանից ԱՄՆ թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ղազախստանում
Հնդկական Air India ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Նյու Դելի-Չիկագո չվերթի ժամանակ արտակարգ վայրէջք է կատարել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ղազախստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայություններին:
«Ինքնաթիռը տեղական ժամանակով 07:30-ին արտակարգ վայրէջք է կատարել Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային օդանավակայանում: Պատճառը ուղևոր կանանցից մեկի ինքնազգացողության կտրուկ փոփոխությունն էր: Նրա մոտ ասթմայի նոպա էր սկսվել: Ուղևորը երկու ազգականների ուղեկցությամբ փոխադրվել է քաղաքային հիվանդանոց»,- գրված է հաղորդագրությունում:
Չվերթն իրականացնող Boeing 777 ինքնաթիռում եղել են 341 ուղևորներ ու անձնակազմի 19 անդամները:
«Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային օդանավակայանում Air India ավիաընկերության օդանավին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն: Ինքնաթիռը Աստանայի օդանավակայանից շարունակել է դեպի Չիկագո իր թռիչքը տեղի ժամանակով 12:30-ին»,- հայտնել են մամուլի ծառայությունից: