Բաժիններ՝

«Տրամաբանական կլինի՝ Հայաստանը բարձրացնի այդ հարցը, որ Հրազդանի ՋԷԿ-ը գազ ստանա ՌԴ ներքին գներով». Արա Մարջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայտարարել է, որ երկարաժամկետ առումով գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: «Իհարկե, ավելի լավ կլինի, որ այս հարցը լուծվի ԵԱՏՄ շրջանակներում, որովհետև ես կարծում եմ, որ սա ավելի ճիշտ մոտեցում է, քանի որ մենք խոսում ենք ընդհանուր տնտեսական տարածքի մասին: Մենք կաշխատենք այս ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ազգային փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում այս մոտեցումը «շատ ողջամիտ» անվանեց։

«Քանի որ մեր գազի հիմնական մատակարարը ԵԱՏՄ կենտրոնական երկրներից մեկն է, ապա առաջարկվող բանաձևը շատ տրամաբանական է, իհարկե, դա պետք է կարգավորվի ԵԱՏՄ շրջանակներում։ Թե ինչպիսին պետք է լինեն կարգավորման մեխանիզմները, կարծում եմ, որ բանաձևը նախ պետք է հաշվի առնի երկարաժամկետ ժամանակային հորիզոնը, այնուհետև հստակ հաշվարկի գազի գինը սահմանին և տեղափոխման արժեքները, գումարած որոշակի հավելյալ արժեք՝ կախված ինտեգրացիոն գործընթացների խորությունից։

Օրինակ՝ մեզ համար պետք է զարմանալի չլինի, որ որոշակի առումով Բելառուսի համար գազի գինն ունի մի փոքր ավելի նվազ արժեք, քան Հայաստանի համար, քանի որ օբյեկտիվ պատճառներով Բելառուսը մի փոքր ավելի ինտենսիվ գործընթացների մեջ է ԵԱՏՄ շրջանակներում։ Բայց վստահ եմ, որ կամաց-կամաց դա կշտկվի նաև Հայաստանի համար»,- ասաց Ա.Մարջանյանը։

Հարցին, թե որքանո՞վ է «սահմանին գազի գին» հասկացությունը կիրառելի մեր դեպքում, երբ ամբողջ գազային համակարգը պատկանում է ռուսներին, Ա.Մարջանյանը պատասխանեց, որ բանակցությունը վարվում է մի փոքր այլ տրամաբանությամբ. «Խնդիրն այն է, որ գազի էներգետիկ օգտագործողը, օրինակ՝ նույն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, նույնպես պատկանում է ռուսական ընկերությանը։ Այստեղ հնարավոր է, որ, ենթադրենք, Հրազդանի ՋԷԿ-ը գազը ստանա ՌԴ ներքին գներով։ Դա տրամաբանական կլինի և ՀՀ-ի համար շատ շահավետ։

Մի փոքր ավելի բարդ կլինի խնդիրը Երևանի ՋԷԿ-ի պարագայում, որը հիմնականում աշխատում է Իրանի հետ փոխհոսքերի պայմանավորվածությամբ։ Բայց ֆորմալ առումով Երևանի ՋԷԿ-ը չի էլ օգտագործում ռուսական գազը, նա օգտագործում է իրանական գազը, արտադրում է էլեկտրաէներգիա և հետ ուղարկում Իրան։ Կարծում եմ՝ տրամաբանական կլինի՝ Հայաստանի Հանրապետությունը բարձրացնի այդ հարցը, որ Հրազդանի ՋԷԿ-ը գազ ստանա ՌԴ ներքին գներով, ինչը, իհարկե, կլավացներ Հայաստանի էներգետիկ մրցունակության աստիճանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս