Բաժիններ՝

«Միակ պատասխանը, որ ստացա Պետրոս Ղազարյանից՝ «Հին աշխատողներին կրճատում եմ»». Հանրայինի լրագրողը՝ աշխատանքից հեռացման մասին

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրում 20 տարի անցկացնելուց հետո աշխատանքից հեռացված լրագրող Լիանա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««ՀԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՄ». Պետրոս Ղազարյան

20 տարի Հանրային հեռուստաընկերության լրատվականում աշխատելուց հետո, «Լուրեր»-ի այսօրվա տնօրեն Պետրոս Ղազարյանն ընտրության անհայտ չափորոշիչներով որոշեց չաշխատել ինձ հետ։ Չեն հեռացրել, որովհետև հիմնավոր պատճառ էր պետք դրա համար, ինչը գոյություն չունի, այլապես կասվեր։ Չեմ ազատվել իմ դիմումի համաձայն, որովհետև հեռուստալրագրությունն ամբողջ կյանքիս սիրելի գործն է, իսկ Հանրային հեռուստատեսությունը՝ տուն, որտեղ 17 տարեկանից անցել են 25 տարիներս (մինչև լրատվականը թղթակցել, հետո աշխատել եմ Հ1 «Մայրաքաղաք» ծրագրում)… Լիանա Կարապետյանին ուղղակի ԿՐՃԱՏԵԼ են՝ առանց հիմնավորման… Միակ պատասխանը, որ ստացա Պետրոս Ղազարյանից՝ «ՀԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՄ»… Բրավո, Պետրոս, քեզ համար շատ համարձակ պատասխան է, բայց մասնագիտական բարձր նշաձող պահած լրագրողի «ինչո՞ւ»-ի պատասխան չէ դա։ Այս կրճատումը կամայականություն է Հ1 լրատվականի 20 տարվա փորձառությամբ լրագրողի նկատմամբ։ «ՀԻՆ ԱՇԽԱՏՈՂԸ» պրոֆեսիոնալ է, որի մասնագիտական կարիերան, անուն ազգանունը կեղտոտված չէ քաղաքական պատվերներով, սկանդալային, դավադիր պատմություններով, սև փիարներով, որը 20 տարվա ընթացքում գրավոր զգուշացում, նկատողություն չի ստացել, զեկուցագիր չի գրել, աշխատանքային ձախողումներ չունի…
Նախկին տնօրեններիցս մեկը մի առիթով ասաց. «Ամեն ինչ անում ես, որ մարդիկ սիրեն քեզ»: Այո, իսկ լրագրողի համար կա՞ ավելի կարևոր գնահատանք, քան հեռուստադիտողի սերը… Դա, իհարկե, ամենքին տրված չէ հասկանալ… Այո, ինձ սիրում են, որովհետև աշխատել եմ կյանքի ամենատարբեր աստիճաններին կանգնած մարդկանց հետ ու նրանց համար։ Լրագրության ոսկե կանոն է՝ «ՍԻՐԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻԴ», ինչն ինձ համար ելակետ է եղել և մնում։

Առանց հիմնավորման հաստիքիս կրճատումն իհարկե տհաճ է, մանավանդ որ հազար ու մի նոր պատմությունների համար արդեն պայմանավորված հարցազրույցներ և այցելություններ չեղարկեցի։ Նկատենք՝ պայմանագիրս խզելու են մարտի 1-ին, բայց կրճատման մասին ծանուցումից հետո ասվեց՝ այլևս ձայնդ, անուն ազգանունդ եթերում չպետք է լսվի․․․ Ավելին, Պետրոս Ղազարյանը հրահանգեց ազատել աշխատանքային սեղանն ու համակարգիչը, որովհետև դրանք պետք են «Լուրեր»-ի նորեկներին։ Հրահանգեց նաև չմտնել նյուզրում, որպեսզի, նոր աշխատողների հետ «կոնֆլիկտ» չլինի․․․ Զավեշտն այսքանով չի ավարտվում․ կրճատված լրագրողներին «պատիվ արեցին» մի «մեկուսարան-սենյակ» (որտեղ այդպես էլ չմտա), որ մյուսների հետ առնչություն չունենանք, անմիջապես հեռացրեցին «Լուրեր»-ի լրագրողների չատից, արգելափակեցին նաև լրահոսի էլեկտրոնային փոստը․․․ Հավանաբար գործ ունեն բորոտների կամ հատուկ վտանգավոր հանցագործների հետ, որոնք կարող են վնասել, խաթարել «Լուրեր»-ի աշխատանքը․․․

Հոգ չէ, ես թևաթափ չեմ, այս ամենը համարում եմ հերթական հետաքննական մի ռեպորտաժ, որ պիտի ստանա կամայական որոշումից բխած բոլոր հարցերի պատասխանները․․․ Սա ինձ համար հրաշալի փորձություն է․․․ Լավ եղեք, կհանդիպենք․․․»:

"ՀԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՄ"-#ՊետրոսՂազարյան20 տարի #Հանրայինհեռուստաընկերության լրատվականում աշխատելուց հետո,…

Gepostet von Liana Karapetyan am Dienstag, 22. Januar 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս