Սուդանը համաձայնել է ընդունել Ռուսաստանի ու Թուրքիայի օգնությունը
Սուդանը երկրում առկա քաղաքական ու տնտեսական իրադրության պայմաններում ընդունել է Ռուսաստանից ու Թուրքիայից օգնություն ստանալու առաջարկը: Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Սուդանի նավթի, գազի և օգտակար հանածոների նախարար Ազխարի Աբդել Քադիր Աբդալան:
Նա հայտնել է, որ երկիրն արդեն օգնություն է ստացել Միացյալ Արաբական Էմիրություններից: «Ռուսաստանն ու Թուրքիան մեզ օգնություն են առաջարկել, այդ թվում և վառելիք, ցորեն և այլն: Մենք այդ օգնությունն ընդունել ենք»,- հայտնել է նա:
Սուդանում զանվածային հուզումներ էին սկսել դեկտեմբերի կեսերին, մի քանի օրվա ընթացքում դրանք տարածվել էին երկրի 30 քաղաքում, այդ թվում և մայրաքաղաք Խարթումում: Դժգոհության հիմնական պատճառը բնակչության դժգոհությունը վառելիքի, հացի ու ալյուրի գների աճն էր, ինչպես նաև հիմնական մթերքների դեֆիցիտը:
Համաձայն երկրի իրավապահ մարմինների տեղեկությունների՝ երկրում սկսված անկարգությունների մեկնարկից ի վեր ոստիկանության հետ բախումներում մահացել է 24 մարդ: Ձերբակալվել է ցույցերին մասնակցող ավելի քան հազար սուդանցի: