ԵԽԽՎ-ում Ալեքսանդր Պաչիերի զեկույցի ժամանակ Ռուբինյանը ներկա է գտնվել, սակայն Մարուքյանն է արձագանքել

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանում դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցի քննարկումից հետո հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր գրառման մեջ անդրադարձել էր միայն զեկույցի դրական գնահատականներին՝ լռելով մասնակցության ցածր ցուցանիշի մասին ոչ այնքան հաճելի հատվածի մասին։

«Մարդիկ շատ դեպքերում վախեցել են գնալ ընտրությունների սոցիալական մեդիայում առկա ատելության և անհանդուրժողականության պատճառով: Տարբեր մարդկանց նկատմամբ սպառնալիքներ են եղել, ատելության մթնոլորտ, ուստի մարդիկ, վախենալով իրենց հանդեպ ագրեսիայից, չեն ցանկացել գնալ ընտրության»,-  նշել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը։

Թե Ռ.Ռուբինյանն ի՞նչ դիրքորոշում ունի զեկույցի այս հատվածի մասին, ճշտել չհաջողվեց. մեր բազմաթիվ զանգերը նրան անպատասխան մնացին։

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Պաչիերիի զեկույցի ժամանակ Ռուբինյանը ներկա է գտնվել, սակայն ինքն է արձագանքել դրան։

«Այդ պահին ես ունեի գրանցված ելույթ և ես եմ արձագանքել»,- ասել է նա։

Ըստ Մարուքյանի՝ ինքը տեղեկացրել է, որ ընտրություններից առաջ ընտրողների ցուցակները մաքրվել և հստակեցվել են, դուրս են հանվել մահացած մարդկանց անունները, և բազմաթիվ անճշտություններ, նաև ձայների գնման նախկին արատավոր պրակտիկան է բացառվել, ու այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է դիտարկել մասնակցության ցուցանիշը։

Հարցին՝ ինչի՞ հիման վրա է առաքելությունը մասնակցության ցածր ցուցանիշը կապում վախի հետ, Է.Մարուքյանը պատասխանել է, որ զեկուցողին հարցեր տալու հնարավորություն չկա, Պաչիերն իր ելույթն է ունեցել, ինքն էլ պատասխանել է։

 

Տեսանյութեր

Լրահոս