««Մարտի 1»-ի ակտուալացումը Արցախի խնդրի կոնտեքստում իր մեջ նոր «Մարտի 1» է պարունակում ու մենք մոտենում ենք այդ կետին». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Մարտի 1»-ի հարցը հիմա ավելի ակտուալ և քննարկվող թեմա է դարձել, քան Արցախի` իրականում Հայաստանի գոյության հարցը:

Իսկ Արցախի հարցը գնալով ավելի է լրջանում՝ Ադրբեջանի ոգևորության ու Հայաստանի անգետության ֆոնին:

Փաստորեն, մենք Արցախի բանակցությունների մասին ինֆորմացիոն շրջափակման մեջ ենք հայտնվել և շրջափակման մեխանիզմներից մեկը Մարտի 1-ի հարցը թոփ թեմա դարձնելն է:

Սակայն այստեղ մեկ այլ խնդիր էլ կա. 2008 թվականի դեպքերը Ղարաբաղի խնդրի կոնտեքստը ունեին` Տեր-Պետրոսյանը երբեք չէր թաքցնում, որ փորձում էր իշխանության գալ այդ խնդիրն իրեն և մեզ հայտնի եղանակով լուծելու համար:

Պատահական չի, որ այսօր Արցախի խնդրում ակտիվ գաղտնի բանակցությունների ֆոնին զուգահեռ ակտիվացել է նաև «Մարտի 1»-ի հարցը: Փաստորեն՝ «2008-ին Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, իսկ հակառակ կարծիք ունեցողները` սխալ». սա է մեսիջը Արցախի հարցի շուրջ ընթացող ակտիվ բանակցությունների ֆոնին «Մարտի 1» խնդրի ակտուալացումը:

Ամենացավալին այն է, որ «Մարտի 1»-ի ակտուալացումը Արցախի խնդրի կոնտեքստում իր մեջ նոր «Մարտի 1» է պարունակում ու մենք մոտենում ենք այդ կետին:

Հ.Գ. «Մարտի 1»-ը օբյեկտիվորեն կարող է քննվել այն ժամանակ, երբ դրա կողմերից ոչ մեկը` Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին չլինեն և չունենան դատավարության վրա ազդելու լծակներ: Բայց այսօր օրակարգում Արցախի հարցն է»:

Տեսանյութեր

Լրահոս