Չինաստանը պահպանել է աշխարհի երկրորդ տնտեսության կարգավիճակը
Չինաստանը 2018 թվականի արդյունքներով պահպանել է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության կարգավիճակը: Այդ մասին հունվարի 21-ին հայտարարել է Չինաստանի Պետական վիճակագրական վարչության ղեկավար Նին Ցզիչժեն:
Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)՝ 82,07 տրիլիոն յուան (շուրջ 12 տրիլիոն դոլար) ընդհանուր ծավալով Չինաստանը 2017 թվականին նույնպես հավաստել էր աշխարհի երկրորդ տնտեսության՝ իր կարգավիճակը՝ զիջելով սոսկ ԱՄՆ-ին:
«2018 թվականին Չինաստանի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը գերազանցել է 90 տրլիոն յուանը, ինչը մոտավորապես 8 տրիլիոնով ավելի է, քան 2017 թականին: Եթե հաշվենք միջին փոխարժեքով, ապա Չինաստանի տնտեսության ընդհանուր ծավալը հասել է 13,6 տրիլիոն դոլարի՝ վստահորեն զբաղեցնելով երկրորդ տեղն աշխարհում»,- ճեպազրույցում հայտարարել է Նին Ցզիչժեն:
Հրապարակված տվյալների համաձայն՝ 2018 թվականի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կազմել են 6,6 տոկոս, ինչը դարձել է 1990 թվականից ի վեր ամենավատ ցուցանիշը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: