Քաղաքային տրանսպորտի ցանցը ներդնելիս՝ ուզած-չուզած վերացնելու են այդ կարմիր գծերը
«Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը շարունակում է պնդել՝ քաղաքացիները ոչ թե դժգոհում են կարմիր գծերի վճարման համար, այլ բողոքում են ոչ պատշաճ ծառայությունների մատուցման համար:
Ասում է՝ մեքենան վնասվում է, պատասխանատվության չեն կարողանում ենթարկել վնասողին, քանի որ չեն կարողանում հայտնաբերել: Որոշ հատվածներ արհեստական ձողերով փակվում են, ու չեն կարողանում կայանել: Կան հատվածներ, որ որոշ մեքենաներ են կանգնած առանց համարանիշի, քաղաքացին չի կարողանում կայանել: Խախտում կատարողն էլ չի պատժվում: Հետևաբար` առաջարկում է փոխել ծառայությունների մատուցման համակարգը, դարձնել որակյալ:
Նա կարևորում է նաև Երևանի ծայրամասային շատ հատվածներում կարմիր գծերը վերացնելը:
Օրինակ՝ Կոմիտաս, Աջափնյակ վարչական շրջաններում, Նոր Նորքի զանգվածում կան հատվածներ, որտեղ առհասարակ տրանսպորտային միջոցները կայանում չեն կատարում:
«Կարմիր գծերի հետ կապված քննարկումներ եղել են Քաղաքապետարանում, բայց դեռ հստակ քայլեր չեն կատարվում: Մենք առաջարկում ենք, որ ծայրամասերից անպայման հանեն կարմիր գծերը:
Տեսախցիկներն էլ պետք է արդիականացնեն, այնպես անեն, որ մեքենաները վնասողների ինքնությունը պարզվի: Ասում են՝ տեսախցիկներն ունեն այդ հնարավորությունը: Որտեղ որ կարմիր գիծ կա, այնտեղ տեսախցիկները կարդիականացվեն,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Քեյանը՝ հավելելով,- Քաղաքային տրանսպորտի ցանցը ներդնելիս՝ ուզած-չուզած վերացնելու են այդ կարմիր գծերը»:
Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ հայտնեց, որ ներկա պահին կարմիր գծերի ու տեսախցիկների վերաբերյալ քննարկումներ չկան:
«Հիմա այլ խնդրի համար ենք պայքարում: Գաղտնիք չէ, որ ամեն մի կազմակերպություն կարողանում է շենքի դիմացի հատվածը մեկ տարով վարձակալել: Ամեն տարի, երբ վարձակալության ժամկետը լրանում է՝ ավագանու նիստով երկարաձգում են: Սակայն 2018թ. դեկտեմբերի 21-ին Երևանի ավագանին 15 կողմ, 16 դեմ ձայնով երկարաձգելու որոշումը չի ընդունել, հետևաբար՝ օրենքով կազմակերպություններն իրավունք չունեն մեկին կանգնեցնել, որպեսզի թույլատրի միայն իրենց ծառայողական մեքենաները կայանել:
Արդյունքում՝ որոշ կազմակերպություններ ապօրինի շարունակում են գործունեությունը: Զավեշտալին այն է, որ կազմակերպություններից մեկն ասում է, թե՝ մենք պետբյուջե մուծումն արել ենք 2019թ. համար: Բայց օրենքով, մինչև նոր որոշում ընդունելը, իրենք իրավունք չունեն թույլ չտալ, որ քաղաքացիների մեքենաները կայանեն: Մեկ ամիս է՝ ժողովրդին չեն թողնում կայանել»,- նշեց Միքայել Մանրիկյանը:
Անի Կարապետյան