«Ի՞նչ խնդիր է դրված Մշակույթի նախարարության առջև, մշակութային կոնցեպտ կա՞, թե՞ չկա»
2018թ. նոյեմբերին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ որոշվել էր, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքը վերանորոգելուց հետո պետք է տրամադրվի Երևանի մնջախաղի պետական թատրոնին, որը, երկար տարիներ է՝ սեփական շենք չունի։
Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ Ազգային գրապալատը միացվել էր Ազգային գրադարանին, իսկ գրապալատի տարածքը տրամադրվել Երևանի մնջախաղի պետական թատրոնին, որը վերակառուցվելուց հետո իր դռները հանդիսատեսի առջև պետք է բացեր այս տարի։ Սակայն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ այդ շենքը հուշարձան է և չի թույլատրվում վերափոխել կամ շինաշխատանքներ իրականացնել, որից հետո կրկին սկսվեցին Մնջախաղի թատրոնի շենքի փնտրտուքները։
168.am-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց, որ Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքի տարածքը տեսել են ու իրենց հավանությունը տվել։
«Մեզ ասել են, որ այս պահին ընթանում է շենքի փաստաթղթավորման գործընթացը, բայց թե ինչ ընթացքի մեջ է գործընթացը, առայժմ պարզ չէ, մեզ որևէ բան չեն ասել։ Այդ գործընթացից հետո պետք է տարածքի նախագիծն անեն, հետո գումարներ նախատեսեն, որպեսզի շինաշխատանքների համար մրցույթ հայտարարվի, որից հետո, երբ աշխատանքներն ավարտվեն, մենք կկարողանք տեղափոխվել նոր շենք»,- ասաց Ժ. Դադասյանը։
Նրա կարծիքով՝ այդ տարածքը կարող է լինել թատրոնի համար լավ շենք, եթե նորմալ նախագիծ անեն, քանի որ ունի շատ հնարավորություններ։ Ժ. Դադասյանի կարծիքով, եթե այն բոլոր ձևափոխությունները, որոնք նախատեսել են իրենք, ընդգրկվեն նախագծում, ապա ապագայում Երևանը կունենա Մնջախաղի թատրոնի գերազանց շենք։
«Մեծ ցանկություն ունեմ, որ այս շենքը շուտ պատրաստ լինի, բայց փորձը ցույց է տվել, որ նախորդ շենքի հետ կապված, օրինակ՝ փաստաթղթավորումը տևեց մի քանի ամիս, իսկ նախագծի իրականացումը՝ շուրջ 8 ամիս։ Կարծում եմ՝ առաջիկա մեկ տարում կլինեն միայն փաստաթղթավորման և նախագծման աշխատանքներ, եթե, իհարկե, այժմ այդ գործընթացը սկսվի»,- շեշտեց Ժ. Դադասյանը։
Հարցին՝ չկա՞ն մտավախություններ, որ Մշակույթի նախարարությունը ԿԳ նախարարության հետ միացնելու գործընթացը կարող է ազդել շենքի փաստաթղթավորման և նախագծման աշխատանքների վրա, և այդ աշխատանքները ձգձգվեն, Ժիրայր Դադասյանը նկատեց, որ սա ամենահոռետեսական սցենարը կարող է լինել։
«Հույս ունեմ, որ այդ գործընթացը չի խանգարի: Անկեղծ՝ իմաստը չեմ տեսնում՝ Մշակույթի նախարարությունը միացնել այլ նախարարության, ո՞րը պետք է լինի դրա բովանդակությունը, ընդամենը մարդ կրճատելու հա՞րց է, այսպես էլ կարող էին կրճատել։ Այստեղ գլոբալ հարց կա, իսկ ի՞նչ խնդիր է դրված Մշակույթի նախարարության առջև, ի՞նչ պետք է լինի, մշակութային կոնցեպտ կա՞, թե՞ չկա։ Այսինքն՝ պետք է լինի գաղափարական մի իդեա, որից կբխեն գործողությունները»,- ընդգծեց Ժ. Դադասյանը։
Անդրադառնալով Մնջախաղի թատրոնի ներկայացումներին, Ժիրայր Դադասյանը տեղեկացրեց, որ հունվարի 25-ից սկսելու են «Թատրոն՝ ափի մեջ» նախագիծը, որը տեղի է ունենալու փորձասենյակում, և ներկա կլինի քիչ թվով հանդիսատես, իսկ արդեն փետրվարի 7-ից մեծ բեմում կսկսեն խաղաշրջանը։
Զվարթ Խաչատրյան