Երկրպագուներն Իտալիայում #JuveOut հեշթեգով կոչ են անում բոյկոտել «Յուվենթուսին»
Նրանք գտնում են, որ թուրինցիներին օգնել են:
Իտալացի երկրպագուները #JuveOut հեշթեգով բողոքի ակցիա են սկսել Սուպերգավաթի «Յուվենթուս»-«Միլան» խաղի մրցավարության դեմ:
Երկրպագուները կարծում են, որ Լուկա Բանտին ընդունել է մի քանի որոշումներ «Ծեր Սենյորայի» օգտին՝ դրանով իսկ փչացնելով խաղը: Մասնավորապես, նա չի նշանակել 11-մետրանոց հարված Էմրե Ջանի՝ տուգանայինում կատարած խախտման համար, եզրային մրցավարը ֆիքսել է խաղից դուրս վիճակ «Ռոսոներների» հարձակվող Կուտրոնեի մոտ, չնայած դրանից առաջ նրան բռնել էր Ալեքս Սանդրոն, Բանտին կարմիր քարտ ցույց չտվեց Միրալեմ Պյանիչին կոպիտ խախտման համար, բայց հեռացրեց Ֆրանկ Կեսիին:
Ինչպես հաղորդում է Calcioweb-ը, հիմա «Միլանի», «Ինտերի» և «Նապոլիի» երկրպագուները կոչ են անում բոյկոտել «Յուվենթուսի» խաղերը:
«Յուվենթուսը» Ռոնալդուի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Միլանին»:
Կեսին կարմիր քարտ ստացավ խաղի 75-րդ րոպեին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը