Բաժիններ՝

ՄԻՊ-ն Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ հայտարարություն է տարածել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է.

«Շնորհավորում եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահին, փոխնախագահներին և մշտական հանձնաժողովների նախագահներին իրենց պատասխանատու պաշտոններում ընտրության, հանձնաժողովների ձևավորման և երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքում բոլոր պատգամավորների կողմից իրենց կարևորագույն դերակատարությունը լիարժեք ստանձնելու կապակցությամբ:

Խորհրդարանական հանձնաժողովները հասարակական-քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում օրենսդիր մարմնի իրավասության հարցերով մասնագիտական քննարկումներ իրականացնող, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողության կարևոր գործառույթ ունեցող մարմիններ են:

Այս մի քանի օրերի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին պատգամավորների կողմից մարդու իրավունքների խնդիրների հանդեպ ցուցաբերվող կարևոր ուշադրությունը և դրանց լուծումներին նպաստելու նրանց բարձր պատրաստակամությունը:

Հատկապես կարևորում եմ Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովների՝ որպես երկու ինքնուրույն հանձնաժողովների ձևավորումը: Հաշվի առնելով հանձնաժողովների նախագահներ Վլադիմիր Վարդանյանի և Նաիրա Զոհրաբյանի մասնագիտական բարձր հատկանիշներն ու աշխատանքների կազմակերպման գործում նրանց երկարամյա փորձը՝ համոզված եմ, որ այդ հանձնաժողովների գործունեությունն արդյունավետ կծառայի իրենց առաքելության իրականացմանը:

Հայտնում եմ խորհրդարանի բոլոր պատգամավորների հետ՝ ինչպես հանձնաժողովների կազմում, այնպես էլ անհատական սկզբունքով, համատեղ աշխատանքի իմ լիարժեք պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շարունակական ամրապնդման ու օրենսդրության չընդհատվող կատարելագործման»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս