Բաժիններ՝

Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին լրացուցիչ կհատկացվի բնական մեղր, սխտոր, ճարպ և լավաշ

Զինված ուժերի զինծառայողների  սննդակարգում 2019 թվականին փոփոխություններ է կատարվել.  ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին լրացուցիչ կհատկացվի բնական մեղր, սխտոր, ճարպ և լավաշ: Կենտրոնական պարենային բազայում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Զինված ուժերի թիկունքի վարչության ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը:

«Ձմեռային ժամանակահատվածում պլանավորվել է մեկ զինծառայողի հաշվարկով  հատկացնել բնական մեղր, որն ունի շատ առողջարար հատկություններ, նաև պլանավորել ենք ավելացնել ճարպ և սխտոր: Զինծառայողի սննդակարգում մայիս ամսում  պարտադիր բոլոր զինծառայողներին հասանելիք հացի 40 տոկոսի չափով կհատկացվի լավաշ: Ավելացրել ենք նաև թանապուր, այն տրամադրվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին և  շատ բարձր գնահատականի է արժանացել զինծառայողների կողմից»,- ասաց Մարգարյանը:

Գնդապետը հավելեց, որ 2019 թվականին նախատեսվում է նաև   հերթապահություն իրականացնող զինվորների սննդակարգում համալրել պահածոյացված կարտոֆիլ: Նա նշեց, որ մարտական հերթապահությունում կլինի 7 տեսակի պահածոյացված  ապուր:

Արա Մարգարյանը ծանոթացրեց նաև սննդամթերքի պահպանման եղանակներին, ինչպես նաև փաթեթավորմանը և համապատասխան պիտակներին:

«Կենտրոնական պարենային բազայում ունենք նոր սառնարանային տնտեսություն, մեծացել են դրանց ծավալները, ինչը արդեն հնարավորություն է տալիս շուտ փչացող սննդամթերքը պահպանել համապատասխան ջերմախոնավային  պայմաններում: Պահածոյացված սննդամթերքի համար նախատեսված են տարբեր պահեստարաններ, որտեղ ըստ անվանումների և ըստ արտադրման տարեթվերի պահպանություն ենք իրականացնում: Կենտրոնական պարենային բազայից մատակարարումներից հետո սահմանված  կարգով  առաքվում են տարածքային բազաներ և այնտեղից տեղափոխվում զորամասեր»,- եզրափակեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս