Հայկական Renderforest-ը՝ աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում
Հայկական Renderforest ստարտափը համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd-ի կողմից ընդգրկվել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում (Best Software Companies 2019 Awards)։
G2crowd-ը աշխարհի առաջատար բիզնես-վերլուծական հարթակներից է, որը վարկանիշերի է դասակարգում ընկերություններին՝ հիմնվելով իրական ժամանակում անկողմնակալ օգտատերերի կողմից տրված օբյեկտիվ գնահատականների վրա։
Renderforest-ը մի քանի կետերում առաջ անցել նաև Facebook-ից: Ըստ G2crowd-ի՝ առաջին հորիզոնականում Google ընկերությունն է:
«Սպասում էինք այս նորությանը, որովհետև ամեն ինչ արել ենք, որ մեր օգտատերերի համար ստեղծենք ամենահարմարավետ գործիքներն իրենց բրենդինգը լավ կազմակերպելու համար։ Մեզ համար ամենակարևորն օգտատերերի հարմարավետությունն է, և դա վկայում է այն, որ G2crowd-ը, լինելով առաջատար կարծիքների հավաքման պլատֆորմ, մեզ ներառել է այդ ցուցակի մեջ»,- 168.am-ի հետ զրույցում նշում է Renderforest-ի մարքետինգի թիմի ղեկավար Ռոման Դանեղյանը:
Հիշեցնենք, որ Renderforest-ը վիդեո անիմացիաներ, լոգո ստեղծման, ինչպես նաև վեբ կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ է։ Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ և վեբ կայքերի պատրաստի օրինակներ։
Ներկայումս Renderforest-ն ունի օգտատերերի կողմից պատրաստված ավելի քան 5 միլիոն տեսահոլովակ, շուրջ 3 միլիոն օգտատեր և ավելի քան 200,000 ամսական գրանցում։ Հիշեցնենք, որ վերջերս հարթակը գրանցել էր օրական 8000 նոր օգտատեր, ինչպես նաև 5 նոր գրանցում՝ 1 րոպեում:
Սիրարփի Աղաբաբյան