«Ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել». Արմեն Գևորգյանը՝ իր հասցեին հնչող մեղադրանքների մասին
Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։
Դատական նիստից հետո Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտպանական և քրեական հետապնդման մարմինների կողմը՝ Դատախազությունը, ներկայացրել է իր բողոքը, որով և ավարտվել է դատական նիստը։
«Սակայն դատարանը դեռ չի հեռացել խորհրդակցական սենյակ, դատական հերթական նիստը կկայանա հունվարի 25-ին։ Դատական նիստի վերաբերյալ այլ տեղեկություններ այս պահին չեմ կարող տալ»,- նշեց փաստաբանը։
Արմե Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ դատական նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ։
«Կարծում եմ՝ ներկայացրեցի այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են ներկայացված մեղադրանքների անհիմն լինելու մասին։ Խնդրեցի, որպեսզի իմ բոլոր գործընկերները՝ և՛ Դատախազությունում, և՛ քննչական մարմիններում, ամեն ինչ անեն, որպեսզի գործն անաչառության, օբյեկտիվության և հանգիստ մթնոլորտում քննվի, որպեսզի արդարությունն ի հայտ գա, և բոլորս իմանանք՝ ինչ էր եղել, և ինձանից ինչ էին ուզում»,- ասաց Արմեն Գևորգյանը։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանից որևէ հրահանգ ստացե՞լ է՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Մեկ անգամ ևս ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այսօր գտնվում եմ այնպիսի կարգավիճակում, որ չեմ կարող ձեզ որևէ տեղեկություն տալ գործի հետ կապված նյութերից»։
Հաջորդ հարցին՝ ճնշում գործադրե՞լ է նախկին դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ, Ա. Գևորգյանն ընդգծեց. «Ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել»։
Դիտարկմանը՝ վստահո՞ւմ է ՀՀ իրավապահ համակարգին, Արմեն Գևորգյանն ասաց, որ առաջին հերթին վստահում է ինքն իրեն, իր պաշտպաններին և ՀՀ օրենսդրությանը։
Զվարթ Խաչատրյան