Բաժիններ՝

Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության դեպքերի նվազում

Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական հիվանդություններով հիվանդների քանակի անկում է գրանցվել։ Ֆեյսբուքի ուղիղ եթերում այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ ինչպես հունվարի 15-ին, այնպես էլ հունվարի 16-ին դպրոցներում առկա է բացակայող աշակերտների նույն թիվը, որը տատանվում է 2.4 տոկոսի շրջանակներում:

Ինչ վերաբերվում է հիվանդանոցներում սուր շնչառական հիվանդություններով հիվանդների քանակին, Թորոսյանը նշեց, որ այստեղ անկում է գրանցվել` որոշ հիվանդանոցներում այդ անկումը մեծ է, որոշներում էլ դեռևս նույն պատկերն է:

«Հանրապետությունում այսօր  մոտ 50-ով պակաս երեխա է հոսպիտալացվել. եթե հունվարի 15-ին սուր շնչառական վարակով հոսպիտալացվել է 792 երեխա, ապա հունվարի 16-ին՝ արդեն  746: Նույն միտումը կա մեծահասակների մոտ: Ծանր դեպքերով վիրուսների մասով նույնպես անկում է գրանցվել»,- ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով ` նախորդ տարվա համեմատ աճել է թոքաբորբով հիվանդների քանակը. եթե անցած տարի կար 254 թոքաբորբով հիվանդ, այս տարի այն 377 է, ինչը բացատրվում է հիմնականում ցուրտ եղանակով:

«Դրական միտում ունենք դպրոցների և մանկապարտեզների ջերմաստիճանի պահպանման մասով։ Իհարկե, կան դպրոցներ, որոնք դեռ չեն ապահովում ջերմաստիճանը: Ես զանգահարելու եմ մարզպետներին, որպեսզի կոնկրետ դեպքերով լուծումներ տանք»,- ընդգծեց Թորոսյանը:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ նախարարությունը յուրաքանչյուր մահվան դեպք մանրամասն ուսումնասիրում է: Նա նշեց, որ վերջին օրերին H1N1-ով մահացության դեպք չի գրանցվել, այս վիրուսով պայմանավորված հիվանդությունները նահանջ են ապրում:

Թորոսյանը նաև որոշում է կայացրել, որ պոլիկլինիկաները շաբաթ և կիրակի օրերը հերթապահություն իրականացնեն` առավոտյան  9:00-15:00:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս