«Սովետական Միության մնացորդ կառույցը հնարավոր է նոր բովանդակությամբ լցնել, բայց մնացորդ մտածողությամբ մարդուն հնարավոր չէ փոխել». Սաթիկ Սեյրանյանի պատասխանն  Աշոտ Մելիքյանին

Օրերս, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել էր իր մասնակցությամբ միջոցառումը լուսաբանած լրատվամիջոցին և հնչեցրել որոշ հայտարություններ՝ կապված ինչպես այդ, այնպես էլ մյուս լրատվամիջոցների հետ, Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես էր եկել կոշտ հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այդ հայտարարությամբ  կամա թե ակամա ներկայացրել է ազատ մամուլի վերաբերյալ իշխանության ընկալումն ու վերաբերմունքը, որը որևէ աղերս չունի ազատ և անկախ մամուլի գործունեությանը ներկայացվող միջազգային, ժողովրդավարական երկրին ու հասարակությանը բնորոշ չափանիշերի հետ։

Հայաստանի ժուռնալիստների միության այս հայտարարությանն անդրադարձել էր  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը  և նշել, որ վառ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի Ն. Փաշինյանի հայտարարությունը բնութագրեն՝ որպես ճնշում մամուլի, ազատ խոսքի նկատմամբ։ Վերջինս Հայաստանի ժուռնալիստների միությանն անվանել էր Սովետմիությունից մնացած մնացորդ կառույց։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան լրատվամիջոցներից մեկի կողմից հնչեցված հարցին՝ անդրադառնալով Ա. Մելիքյանի հնչեցրած այս բնորոշմանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը նշելով, որ երջանկություն է ունեցել այդ տեսանյութը դիտելու, պատասխանեց.

«Ինքս հրաժարվել եմ այդ հաղորդմանը մասնակցելուց, որովհետև, եթե տվյալ լրատվամիջոցը չի հրապարակում Միության հայտարարությունը, կարծում եմ՝ սխալ է նաև իմ մասնակցությունը։ Այդ անձը (Ա.Մելիքյանը.- Զ.Խ.) Ժուռնալիստների միության մասին խոսում է հեգնանքով, ասելով, որ այն Սովետական Միության մնացորդ կառույց է։ Կարծում եմ, Սովետական Միության մնացորդ որևէ կառույց, կազմակերպություն, շինություն հնարավոր է նոր բովանդակությամբ լցնել, բարեփոխել, բայց մնացորդ մտածողություն ունեցող մարդուն հնարավոր չէ փոխել։

Այդ անձն ասում էր, որ «Հրապարակի» հրապարակած այդ լուրն այնքան անլուրջ էր, և անհարկի լրջացվեց Նիկոլ Փաշինյանի, ապա՝ Հայաստանի ժուռնալիստների միության կողմից։ Փաստորեն, Աշոտ Մելիքյանը տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին անլուրջ է համարում, իսկ մենք անլուրջ չենք համարում։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանը կարևորել  է այդ լուրի լրջությունը, որովհետև հարկ է համարել Ֆեյսբուքով դիմել ամբողջ հանրությանը և այդ կապակցությամբ հատուկ կարծիք, վերաբերմունք արտահայտել»,- նշեց Ս. Սեյրանյանը։

Նա ընդգծեց, որ Ժուռնալիստների միությունը և ինքն անձամբ լուրջ են ընդունում Նիկոլ Փաշինյանին՝ որպես պետության բարձրագույն պաշտոնը զբաղեցնող անձի, և հետևաբար՝ նրա հայտարություններում մամուլի, խոսքի ազատության նկատմամբ լուրջ մեղադրանքներ տեսնելով՝ որոշում է կայացվել արձագանքել հայտարարությամբ։
«Կարծում եմ՝ որոշ կազմակերպություններ պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը վերափոխվել է և ունի սեփական կարծիք»,- եզրափակեց Սաթիկ Սեյրանյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարության մեջ ասվում էր.

«Հունվարի 13-ին «Հրապարակ» թերթի կայքում` www.hraparak.am-ում հրապարակված՝ իշխանության ներկայացուցիչների կողմից կազմակերպված մի միջոցառման մասին լուրին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արձագանքել է՝ իր, մեղմ ասած, տարակուսանքը, վրդովմունքը, ցասումը հայտնելով իրականում կենցաղային, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմավարական, ո՛չ պետության համար կենսական նշանակություն ունեցող առանձին վերցրած մի տեղեկության։

Չմանրամասնելով լրատվամիջոցի տեղեկությունն ու վարչապետի արձագանքի ձևակերպումները, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դրանով՝ կամա թե ակամա, ներկայացրել է ազատ մամուլի վերաբերյալ իշխանության ընկալումն ու վերաբերմունքը, որը որևէ աղերս չունի ազատ և անկախ մամուլի գործունեությանը ներկայացվող միջազգային, ժողովրդավարական երկրին ու հասարակությանը բնորոշ չափանիշերի հետ։ Նիկոլ Փաշինյանի սույն արձագանքը ոտնձգություն է հանրային կառավարման համակարգի կարևորագույն ենթահամակարգի՝ մամուլի նկատմամբ, որը համարժեք հակաքայլերի չարժանացնելու դեպքում կարող է մամուլին ուղղված այլ՝ ավելի վտանգավոր վերաբերմունքի պատճառ դառնալ:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է պետության բարձրագույն պաշտոնը զբաղեցնող գործչի կողմից ազատ մամուլի դեմ ուղղված այս քայլը՝ իր աջակցությունը հայտնելով «Հրապարակ» թերթին ու նրա աշխատակիցներին։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը՝ որպես լրագրողական հանրության շահերը պաշտպանող կազմակերպություն, հետևողական է լինելու իշխանության կողմից ազատ մամուլի դերի, գործառույթների ու իշխանությանը վերահսկողի առաքելության գիտակցման արմատավորման հարցում։ Հակառակ դեպքում՝ ազատ մամուլի գործունեության որևէ սահմանափակման պարագայում, Հայաստանը կարող է հայտնվել ժողովրդավարական ավտոկրատիայի ճիրաններում, ինչի բազմաթիվ վկայությունները, ցավոք, դրսևորվել են անցած ինն ամիսներին»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս