ԱՄՆ-ը և Կորեայի Հանրապետությունը համատեղ զորավարժություններ կանցկացնեն մարտին
Հարավկորեական-ամերիկյան Key Resolve («Հանգուցային որոշում») համատեղ հրամանատարաշտաբային վարժանքները կսկսվեն մարտի 4-ին եւ կտեւեն մոտավորապես երկու շաբաթ: Այդ մասին հայտնել է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ազգային պաշտպանության նախարարության սեփական աղբյուրներ:
Ներկայում կողմերը քննարկում են առաջիկա վարժանքների վերջին մանրամասները, նշում է հեռուստաալիքը: Բացի այդ, նրա տեղեկություններով՝ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականները քննարկում են դրանց անվանումը «19-1»-ով փոխարինելու հնարավորությունը:
Դա արվում է ԿԴԺՀ-ի կողմից քննադատությունից խուսափելու համար, որը Key Resolve անվանումը սադրիչ Է համարում: Ընդ որում՝ Freedom Guardian («Ազատության պահապան») անվանումը կրող մյուս համատեղ վարժանքները, որոնք պլանավորված են օգոստոսին, կարող են ստանալ «19-2» անվանումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: