Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդին» է ներկայացրել նոր պայմանագրի վերաբերյալ պահանջները
«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան ակումբից պահանջել է աշխատավարձի զգալի բարձրացում: Այս մասին գրում է Mirror-ը:
Ըստ աղբյուրի տվյալների, դարպասապահը ցանկանում է տարեկան վաստակել մոտ 17.5 մլն եվրո: Այժմ նրա աշխատավարձը տարեկան կազմում է 11.7 մլն եվրո: Դե Խեայի գործող պայմանագիրը մանկունյանցիների հետ գործում է մինչև 2020թ. ամառ:
28-ամյա դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2011թ. ամռանը, «Ատլետիկոյից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է Անգլիայի առաջնության 22 հանդիպումների, որտեղ բաց է թողել 32 գնդակ:
ԱՊԼ-ի 22-րդ տուրի «Տոտենհեմի» հետ հանդիպման ընթացքում (1:0) դե Խեան կատարեց 11 սեյվ, ինչը լավագույն ցուցանիշն է Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը