Բաժիններ՝

Brexit-ը քաոսի է վերածվում խորհրդարանում գործարքի տապալվելուց հետո. բրիտանական ԶԼՄ-ներ

Միացյալ Թագավորության խորհրդարանում հունվարի 15-ին Brexit-ի պայմանների շուրջ գործարքի ձախողումը քաոսի է վերածում Եվրամիության կազմից երկրի դուրս գալու ողջ գործընթացը: Այս գնահատականն են տվել բրիտանական թերթերը՝ վերլուծելով Համայնքների պալատում կայացած քվեարկության արդյունքները, որի ընթացքում 432 պատգամավոր դեմ է արտահայտվել 2018 թվականի նոյեմբերին Լոնդոնի եւ Բրյուսելի կողմից հավանության արժանացած գործարքին այն դեպքում, երբ համաձայնագրի նախագիծը պաշտպանել է միայն 202 պատգամավոր:

The Times-ը նշում է, որ Brexit-ի շուրջ բանակցությունները քաոսային վիճակում են հայտնվել այն պահից ընդամենը 73 օր առաջ, երբ Մեծ Բրիտանիան պետք է պաշտոնապես լքի Եվրամիությունը: Բերելով քվեարկության վիճակագրությունը՝ հրատարակությունը մատնանշում է, որ քվեարկությանը դեմ արտահայտված 432 ժողովրդական ընտրյալներից 118-ը իշխող Պահպանողական կուսակցության անդամներ էին: Այդպիսով՝ վարչապետ Թերեզա Մեյի կողմից առաջադրված նախագիծը մերժել է խորհրդարանում իշխող կուսակցության խմբակցության պատգամավորների մեկ երրորդը:

The Daily Telegraph-ը, շարունակելով թեման, պարտությունը համարում է պատմական եւ այն եզրակացությունն Է անում, որ դա նշանակում է ճգնաժամի խորացում կառավարության մեջ: Հրատարակությունը նույնսիկ սկսում է խորհրդածել այն բանի շուրջ, թե ով կկարողանար Մեյին փոխարինել թորիների ղեկավարի, հեւտեւաբար նաեւ կառավարության ղեկավարի պաշտոնում: Ամենահեռանկարային թեկնածուների թվում թերթը նշում է արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնին, ներքին գործերի ներկայիս նախարար Սաջիդ Ջավիդին, Ֆորին օֆիսի ղեկավար Ջերեմի Հանթին եւ Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբին:

Financial Times-ն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ գործարքի հակառակորդների գերակշռությունը կազմել է 230 պատգամավոր: Հրատարակությունն այդ ցուցանիշը խոշորագույն պարտությունն է համարում, որը երբեւիցե կառավարությունը կրել է Մեծ Բրիտանիայում:

Դրա հետ մեկտեղ թերթը գտնում է, որ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը ոչ մի շանս չունի հասնելու այն բանին, որ խորհրդարանն անվստահություն հայտնի կառավարության գործող ղեկավարին: Քաղաքական գործիչն այդ ընթացակարգի գործարկման մասին հայտարարել է քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: Financial Times-ը դա բացատրում է նրանով, որ ո՛չ իշխող պահպանողականները, ո՛չ հյուսիսիռլանդացի յունիոնիստները, որոնք խորհրդարանում աջակցություն են ցուցաբերում Մեյի կառավարությանը, չեն ցանկանում արտահերթ համընդհանուր ընտրություններ, որոնք անհրաժեշտ են դառնում վարչապետին անվստահության քվե հայտնելու դեպքում:

The Guardian-ն իր հերթին պարզաբանում է, թե որքան էլ որ պահպանողականներից ոմանք սվիններով ընդունեն Մեյի պլանը, նրանք ընտրություններ չեն ցանկանում, որոնցում կարող է հաղթանակ տանել Քորբինը: Հրատարակությունը նաեւ կանխատեսում է, որ հունվարի 16-ին պահպանելով իր պաշտոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետը կսկսի «պլան Բ» պատրաստել Brexit-ի վերաբերյալ, որպեսզի փորձի թույլ չտալ ԵՄ-ից դուրս գալը «կոշտ» սցենարով, այսինքն՝ առանց գործարքի: Նա պարտավոր կլինի այն խորհրդարանականներին ներկայացնել արդեն հունվարի 21-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս