ԱՄՆ-ի վարչակազմը 50 հազար ծառայողների է կանչել արձակուրդից. Washington Post
Դոնալդ Թրամփի վարչակազմն աշխատանքի է կանչել շուրջ 50 հազար պետական ծառայողների, որոնց հարկադրական չվճարվող արձակուրդ էին ուղարկել կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման (շաթդաունի) պատճառով:
Այդ մասին հայտնել է Washington Post թերթը: Ինչպես սպասվում Է, աշխատանքի կվերադառնան այն պետական ծառայողները, որոնք պատասխանատու են հարկային հատուցումների վճարման համար, հսկում են թռիչքների անվտանգությունը եւ կատարում են մթերքների եւ դեղամիջոցների ստուգումներ: Ինչպես նշել Է հրատարակությունը, նրանք ստիպված կլինեն աշխատել առանց վարձատրության:
Հունվարի 15-ին ԱՄՆ-ի դատարանը մերժել է ավիակարգավարների եւ այլ պետական ծառայողների ներկայացնող արհմիությունների դիմումը՝ իշխանություններին պարտավորեցնել աշխատավարձ վճարելու ֆեդերալ հիմնարկությունների այն աշխատողներին, որոնք հարկադրված են աշխատել շաթդաունի պայմաններում:
ԱՄՆ-ի մի շարք գերատեսչություններ, ներառյալ Պետդեպարտամենտը, արդարադատության, ներքին անվտանգության, տրանսպորտի եւ գյուղատնտեսության նախարարությունները, կրճատված ռեժիմով են աշխատում դեկտեմբերի 22-ից: Շուրջ 800 հազար պետական ծառայողներ կա՛մ աշխատում են առանց վարձատրության (եթե նրանց աշխատանքը կարեւոր է համարվում ազգային անվտանգության համար), կա՛մ ուղարկվել են չվճարվող հարկադրական արձակուրդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին»: