Բաժիններ՝

Բրիտանացիների մեծամասնությունը դեմ է Մեյի կաբինետին անվստահություն հայտնելու շուրջ քվեարկությանը

Մեծ Բրիտանիայի բնակիչների 53 տոկոսը չի պաշտպանում վարչապետ Թերեզա Մեյի կառավարությանն անվստահության քվե հայտնելու շուրջ քվեարկություն անցկացնելու գաղափարն այն բանից հետո, երբ Համայնքների պալատը հունվարի 15-ի երեկոյան ձայների ճնշող մեծամասնությամբ հրաժարվեց պաշտպանել Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը:

Այդ մասին վկայում են հանրային կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է Sky News հեռուստաալիքը: Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 38 տոկոսը հանդես է գալիս նման քվեարկություն անցկացելու օգտին: Նաեւ հարցվածների 61 տոկոսը կարծիք է հայտնել, որ այժմ Մեծ Բրիտանիան գտնվում է ճգնաժամի վիճակում: Հասարակական կարծիքի հարցմանը մասնակցել է 1203 մարդ: Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը նախօրյակին հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյի կառավարությանն անվստաություն հայտնելու ընթացակարգը գործի դնելու մասին:

«Այս կառավարությունը կորցրել է այս պալատի եւ այս երկրի վստահությունը: Ես ձեզ տեղեկացնում եմ՝ Համայնքների պալատի պարոն խոսնակ, որ ներկայացնում եմ այս կառավարությանն անվստահության քվե հայտարարելու պահանջը»,- ասել է նա:

Քվեարկության արդյունքների հայտարարումից անմիջապես հետո ելույթ ունենալով Համայնքների պալատում՝ Մեյն ասել է, որ ստեղծված իրավիճակում ինքը կարեւոր է համարում ապահովել խորհրդարանի պաշտպանությունը: «Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է ստանալ այն բանի հավաստումը, որ այս կառավարությունը վայելում է խորհրդարանի վստահությունը»,- ասել է նա:

Համայնքների պալատում կառավարության ներկայացուցիչ Անդրեա Լիդսոմը հավաստել է, որ նախարարների կաբինետը համաձայնություն է տվել, որ անվստահության քվեի հարցը հունվարի 16-ին քննարկվի խորհրդարանում, եւ որ այս հարցի շուրջը քվեարկությունը կկայանա նույն օրը ժամը 19:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս